Տեղի է ունեցել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի նիստ

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի նիստ: Այս մասին հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը: Քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր:
Կառավարության ղեկավարը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ու շահագրգիռ պետական մարմինների միջև ակտիվ համագործակցությունը՝ համակարգման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար և հանձնարարել գերատեսչությունների ղեկավարներին՝ ըստ իրենց ոլորտների միջոցառումների մասով առաջարկությունների առկայության դեպքում սեղմ ժամկետում դրանք ներկայացնել Երևանի քաղաքապետարան: