Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով առաջին կանոնավոր չվերթը կայացել է

Հայաստանի Հանրապետությունում Turkmenistan Airlines ավիաընկերությունը դեկտեմբերի 27-ին առաջին կանոնավոր չվերթն է իրականացրելԱշխաբադից Երևան, որտեղից էլ թռիչքը պետք է շարունակվի երրորդ երկրի՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք:
Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի: Առաջին կանոնավոր չվերթով Հայաստան է ժամանել 96 ուղևոր:
«ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ Աշխաբադ-Երևան չվերթը եղել է պահանջված, բազմիցս քննարկված և բանակցված»,-հայտնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Գործող ավանդույթի համաձայն և ի նշան անվտանգ թռիչքների, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավն անցել է ջրային կամարի տակով, այնուհետև աղ ու հացով դիմավորել են առաջին կանոնավոր չվերթով Հայաստան ժամանած Թուրքմենհովայոլլարիի ծառայության (Թուրքմենստանի ավիացիոն իշխանություն) պետի տեղակալ Դուրդիև Սուլեյման Դուրդիևիչի գլխավորած պատվիրակությանը: