Ի նպաստ Շուշիի մշակութային վերածննդի՝ «Նարեկացի-Շուշի» նվագախումբը պետք է համալրվի երաժշտական գործիքներով

Արցախի բարձր լեռներում, արծվի բույնի պես բազմած քաղաք – ամրոց Շուշին XX դարի սկզբներին զարգացած մշակութային և առևտրաարդյունաբերական կյանքով լիարժեք քաղաք էր: Այստեղ հրատարակվում էին 20 հայերեն ու 2 ռուսերեն ամսագիր և թերթ, գործում էին 6 դպրոցներ, ռեալական ուսումնարան, հարավային կովկասում առաջին օրիորդաց Մարիամյան դպրոցը ու Թեմական դպրոց: 350 տեղանոց Խանդամիրյանի դրամատիկական թատրոնում բեմադրվում էին հայկական և եվրոպական հեղինակների մի շարք պիեսներ: 570 արհեստանոցներում արտադրվում էին համաշխարհային ճանաչում ստացած ղարաբաղյան մետաքս և գորգեր, ոսկերչական զարդեր և այլ շքեղ առարկաներ: «Կովկասի կոնսերվատորիա» համարվող Շուշային կործանարար վնաս հասցվեց 1920 թվականին, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին քաղաք: Շուշին կորցրեց իր մշակութային արժեքները` վերածվելով գավառական, խուլ բնակավայրի: Երկարամյա գերությունից Շուշին ազատագրվեց 1992 թվականին, և կյանքի կոչվեց Շուշիի վերականգնման ծրագիրը: Այսօր այստեղ գործում են արվեստի կենտրոններ, Կերպարվեստի պետական թանգարանը: Շուշին դարձել է Արցախի վերածննդի խորհրդանիշը:
2006 թվականին սփյուռքահայ բարերար Նարեկ Հարությունյանի անմիջական աջակցությամբ Շուշիում գտնվող կիսավեր մի շինություն բարեկարգվեց և բացվեց իր բնույթով բացառիկ մշակութային մի կենտրոն՝ «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղը՝ հայ մշակույթի լավագույն արժեքները պահպանելու, արվեստագետներին համախմբելու, առաջին քայլերն անող տաղանդավոր երիտասարդներին նեցուկ կանգնելու առաքելությամբ: Այն հոգևոր մի կենտրոն է, որը հայ և այլազգի հյուրերին է ներկայացնում հայկական մշակույթի՝ մոռացությունից փրկված լավագույն ժառանգությունները:
«Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են մշակութային տարաբնույթ միջոցառումներ, հանդիպում են մեր օրերի արվեստագետն ու արցախցի արվեստասերը: Բազմաթիվ ստեղծագործող անհատներ են մասնակցում ՆԱՄ-ի միջոցառումներին, հանդես գալիս՝ որպես արվեստում առաջին քայլերն անող սկսնակ, երիտասարդ ստեղծագործողներին իր փորձն ու գիտելիքները փոխանցող վարպետ կամ նոր արժեքներ որոնող օտարերկրացի, ով հե՛նց այս միջավայրում է բացահայտում հայկական մշակույթի իրական արժեքները: «Նարեկացի» արվեստի միությունում մուտքն ազատ է բոլորի համար:
«Դասական Շուշի» խորագրով համերգը, կրելով շարունակական բնույթ, Շուշիի «Նարեկացի» արվեստի միության հարկի տակ է հավաքում արվեստասեր արցախցիներին` վայելելու դասական երաժշտություն՝ Կոմիտասի, Շոպենի, Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները Ստեփանակերտի Սայաթ-Նովա երաժշտական ուսումնարանի սաների, ինչպես նաև՝ այլ դաշնակահարների կատարմամբ։
Այստեղ հյուրընկալվում են նաև օտարերկրացի արվեստագետներ: Ճապոնուհի Յուկիմի Օտագիրին, ով ժամանակակից արվեստի ինստիտուտի ռեզիդենտն է, ՆԱՄ-ի Շուշիի մասնաճյուղում ներկայացրեց իր անիմացիոն աշխատանքներից մի քանիսը և ցանկացողների հետ անցկացրեց վարպետաց դաս (Workshop)։ Յուկիմին հետաքրքրված է կապիտալիստական հասարակության մեջ կանացիության կարոտախտի խնդրով: Ըստ նրա՝ կանացիության նոստալգիան այսօր դարձել է իրական խնդիր, քանի որ այն ժամանակակից արագընթաց կյանքի ազդեցությամբ կանայք հակված են առաջնություն տալ իրենց կարիերային և երկրորդ պլան մղել կնոջը վերապահված դերն ընտանիքում։
«Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում կայացավ «Վարդավառ.Գանձասար 777» փաստագրական, խաղարկային, կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Գանձասարի օծման 777-ամյակին։ Ֆիլմի սցենարի հեղինակը Նառա Ավետիսյանն է: Ֆիլմը նկարահանվել է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր, նախագահ Նարեկ Հարությունյանի աջակցությամբ, Երևանի «Նարեկացի» արվեստի միությունից հրավիրված նկարահանման ռեժիսոր Գայանե Խաչատրյանի և օպերատոր Դավիթ Բերբերյանի մասնակցությամբ։
«Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում 2016 թվականից գործում է տիկնիկային թատրոնի խմբակ: Այստեղ փոքրիկ սաները հաղորդակցվում են տիկնիկային բեմարվեստին և ծանոթանում տիկնիկավարության գաղտնիքներին: Տիկնիկային թատրոնի խմբակի հիմնադիրներից մեկի՝ Հայկ Պապյանի գլխավորությամբ, «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնի թատերական խմբակի սաները, մասնակցելով «Նռան հատիկ-2017» մանկապատանեկան թատերական փառատոնին, արժանացան պատվոգրի՝ Ռեդհարդ Քիփլինիգի «Փղիկը» խամաճիկային բեմադրության համար:
ՆԱՄ Շուշիի կենտրոնն, իր հարկի տակ համախմբելով շուշեցի տաղանդավոր երեխաներին, իրականացնում է ուսուցողական ծրագրեր՝ կիթառի (հեղինակային երգ), գեղանկարչության, փայտափորագրության, մանրանկարչության, ասեղնագործության, լուսանկարչության, թատերական, պարի, հեքիաթասացի, ասմունքի, երգի, ինչպես նաև կավագործության բաց դասընթացներ՝ արհեստավարժ խեցեգործի հետ։ Այստեղ գործում է նաև հայկական գորգագործության, կարպետագործության խմբակ, որտեղ փոքրիկ սաները ծանոթանում են հայկական գորգագործության դարավոր գաղտիքներին, գորգ գործելու հմտություններին, գորգագործության առանձնահատկություններին, զարդանախշերի ճիշտ օգտագործման տեխնիկային: Սովորում են ինչպես ճիշտ համադրել գույներն ու դազգահների վրա ստանում հայկական գորգի զարմանահրաշ նախշերը: Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ «Արցախյան երիտասարդ և մանուկ կարպետագործներ» ծրագրի շրջանակում գործած կարպետների ցուցահանդեսը։ Ծրագիրը նպատակ ուներ լուծելու Շուշիի և հարակից շրջանների երեխաների զբաղվածության խնդիրն ու երիտասարդներին տրամադրելու արհեստի ձեռքբերման հնարավորություն։ Ցուցահանդեսի ընթացքում «Արցախյան երիտասարդ և մանուկ կարպետագործներ» ծրագրի մասնակիցները փոքր շրջանակների վրա գործում և հյուրերին էին ներկայացնում տեղում կատարած աշխատանքները։ Կարպետագործության արվեստը ՆԱՄ Շուշիի կենտրոնում շարունակում է զարգանալ, և խմբակի դռները բաց են բոլորի առաջ՝ առանց տարիքային սահմանափակման։
Այս մասնաճյուղը հրաշալի հարթակ է նաև Արցախի գյուղական համայնքներում գործող արվեստի դպրոցների սաների համար, ովքեր հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց աշխատանքները կամ հանդես գալու բեմադրություններով, երաժշտական կատարումներով։
Վերջերս այստեղ հյուրընկալվեցին Արցախի Տող գյուղի արվեստի դպրոցի սաները և հանդես եկան Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմադրված ներկայացմամբ, հայկական ժողովրդական, աշուղական երգերի համերգային ծրագրով:
«Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում վերջերս ստեղծված «Նարեկացի–Շուշի» նվագախմբի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ են ժողովրդական գործիքներ՝ սանթուր, քանոն, թառ, դուդուկ, շվի, բլուլ, դհոլ, կոպալ դհոլ, դափ, ուդ, բուբեն, բամբիռ (մեծ), բամբիռ (փոքր), լիտավր–թաս և նոտակալներ։
Սիրիահայ Քեշգերյանների ընտանիքի փոքրիկ աղջնակը՝ 9-ամյա Ալիսան, հաճախում է «Նարեկացի» արվեստի միության Սևան Նագգաշյանի անվան նկարչական խմբակ: Տեղեկանալով «Նարեկացի-Շուշի» նվագախմբին երաժշտական գործիքներ նվիրաբերելու անհրաժեշտության մասին՝ Ալիսան ցանկացավ իր փոքրիկ քանոնը նվիրել նվագախմբին: «Նարեկացի» արվեստի միությունը մեծ երախտագիտությամբ ընդունեց Քեշգերյանների ընտանիքի կողմից արված նվիրատվությունը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Լևոն Սարդարյանը, քանոնահար Ռուզաննա Գրիգորյանը քանոնը հանձնեցին փոքրիկ Աստղիկին, ով մեծ ոգևորությամբ, օրեր առաջ, գրանցվել էր քանոնի խմբակում, սակայն նվագել սովորելու համար գործիք չուներ։ Ողջունելի է այս փոքրիկ աղջնակի սերն ու անշահախնդիր վերաբերմունքն իր արվեստասեր հասակակիցների նկատմամբ:
ՆԱՄ-ը երախտագիտությամբ կընդունի նորաստեղծ նվագախմբին ուղղված ցանկացած նվիրատվություն՝ ի նպաստ Շուշիի մշակութային վերածննդի:
ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ