Անհանգրվան սերը Մարգարիտ Դերանցի գրքերում

Լրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ, ԱՄՆ-ի Հայ գրողների միության փոխնախագահ Վահե Մեսրոպյանի տեղեկացմամբ դեկտեմբեր 12-ին Իրանահայ
միության ընդարձակ, շքեղ դահլիճում լոսանջելեսյան գրքասեր, մշակութասեր երեք հարյուրից ավելի ունկնդիրների ներկայությամբ տեղի է ունեցել Սփյուռքում և Հայաստանում հայտնի արձակագիր Մարգարիտ Դերանցի չորս գրքերի շնորհանդեսը։
«Երեկոն բացեց ԱՄՆ-ի Հայ գրողների միության նախագահ, բանաստեղծ, գրականագետ, գրող Վազգեն Վանատուրը,- «Հայերն այսօր»-ին հաղորդում է Վահե Մեսրոպյանը՝ հավելելով, որ Վազգեն Վանատուրի բացման խոսքը կոչվում էր «Արտագաղթի հոգեբանությունը Մարգարիտ Դերանցի արձակում» և վերջանում էր հետևյալ նախադասությամբ՝ «գրողի ուրույն ընդվզումն առ գալիք և սերն` առ դարձ…անտես ու ուրույն մի քնարականություն արձակի մեջ, որին Դերանցը հասել է մի դյուրին ինքնատիպությամբ, և որի հեռացող լռության մեջ մեզ նմանների բազմաթիվ կյանք ու կենսագրություն կա` ետդարձի պատրանքով և արմատներին մերձ ու հաշտ մնալու յուրովի տառապանքով»:
Երկրորդ բանախոսը պատմավիպասան, գրաքննադատ, արձակագիր, հրապարակախոս Կարեն Խաչկարն էր, ով իր խոսքում մասնավորապես ասաց. «Մարգարիտ Դերանցը գտել է հոգեկանի`սիրո, զգայականի`պանդխտության և նյութականի` կենցաղային իրականության կապը, և ոչ միայն գտել է, այլ նաև վարպետորեն հանգուցել է՝ ստեղծելով գրականության այն որակը, որը հատուկ է միայն տաղանդավոր արձակագրին»։
Հետաքրքիր էր նաև հոգեբույժ, բժիշկ, նովելիստ, հրապարակախոս Վարդգես Դավթյանի գրախոսականի թեման՝ «Կինը և տղամարդը Մարգարիտ Դերանցի գրական պատկերասրահում», որը, ինչպես գրախոսողն ասաց՝ կարելի է կոչել «անհանգրվան սիրո պոետիկա» կամ էլ՝ «անհանգրվան սիրո ֆենոմենոլոգիան: Երեկոյի ընթացքում արձակագիր Մարգարիտ Դերանցին սերտիֆիկատ հանձնեցին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարգիսովի, հյուպատոս Արմելա Շաքարյանի կողմից, մեր հայրենակցուհին Սփյուռքում ծավալած բեղուն գրական գործունեության համար ԱՄՆ-ի հայ գրողների միության կողմից պարգևատրվեց պատվոգրով, իսկ «Հայդուկ» ռազմահայրենասիրական կազմակերպության կողմից պարգևատրվեց հայապահպանության գործում ներդրած գրական գործունեության համար։
Երեկոյի հանդիսավարն էր համայնքում սիրված, հարգված հեռուստալրագրող Նունե Ավետիսյանը։
Երեկոն իրենց ելույթներով զարդարեցին տաղանդավոր երգչուհի Անահիտ Ներսիսյանը, տաղանդավոր ջութակահար Մերուժան Մարգարյանը, շնորհաշատ երգիչ Ժիրայր Բարսամյանը, երգչուհիներ Հերմինե Ամիրյանը, երգահան-երգչուհի Մարգարիտա Խլղաթյանը, Ռիմա Կարապետյանը:
Երեկոյին ներկա էին Սփյուռքում հայտնի քաղաքական գործիչներ, հեռուստատեսության ներկայացուցիչներ, նկարիչներ, մշակույթի և գրականության նվիրյալներ»: