2017-ին զբոսաշրջիկների այցերը դեպի Հայաստան 21%-ով աճել են

2017-ի 9 ամսում Հայաստան է այցելել 1.172.402 զբոսաշրջիկ: Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարվա արդյունքները:
«Այսպիսով, մենք նախորդ տարվա համեմատ արձանագրել ենք զբոսաշրջիկների այցելությունների մոտ 21% աճ», – ասել է Զեյթունցյանն՝ ընդգծելով.«Սա մեզ համար գոհացուցիչ արդյունք է, սակայն բավարար չէ, քանի որ այս պահին ընդունակ ենք շատ ավելի զբոսաշրջիկներ ընունել», -հայտնում է Aysor.am-ը:
Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ քանակական առումով զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստան են եկել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից:Իսկ այցելությունների տոկոսային աճի առումով առաջատար է Հնդկաստանը:
«Պետք է նշել, որ զբոսաշրջիկների թվի աճին նպաստել է ինչպես մի շարք երկրների հետ վիզաների դյուրացումն, այնպես էլ սահմանային անցման կետերի դյուրացումը, մեր վարած քաղաքականությունը, մասնավոր-պետական համագործակցությունը և մի շարք այլ գործոններ», – ասել է Զարմինե Զեյթունցյանը:
Նրա խոսքով՝ 2017-ի ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղվել է 200.000 դոլար, իսկ 2018թ. պետբյուջեով տրամադրվող ֆինանսավորումը կրկնապատկվել է՝ հասնելով 400.000 դոլարի:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջությունը 2017-ին աճել է 32%-ով: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ գործակալությունը, որը կազմել է 2017-ին ռուս զբոսաշրջիկների նախընտրած երկրների վարկանիշը՝ ըստ 2017-ի 9 ամսում ՌԴ-ից արտերկիր արտագնա զբոսաշրջային ուղևորությունների վիճակագրության: