Ստեփանակերտում կայացել է «Կաղանդավան»-ի բացման և գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է ամանորյա քաղաքի՝ «Կաղանդավան»-ի բացումը:

«Կաղանդավան»-ի բացման սկիզբն ազդարարվել է Ստեփանակերտի Ազատության հրապարակից (կոլցեվոյ) տոնական քայլերթով, որն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով. մասնակիցներն ազգային  տարազներ էին կրում:

Քայլերթի ժամանակ Ղարաբաղի այան Արցախի բարբառով օրհնել է  ներկաներին՝ ցանկանալով բոլորին  արևշատություն:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հիմնված «Կաղանդավան»-ի բացման պատիվը տրվել է Կաղանդ Պապիին:

Որից հետո միջոցառման մասնակիցները շրջել են ամանորյա ավանում տեղադրված տաղավարներով, ծանոթացել վաճառվող տոնական ապրանքներին: Իսկ փոքրիկները Կաղանդ Պապիի հետ պատրաստել են ամանորյա նվերներ, խաղալիքներ, բացիկներ։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն ասել է, որ այս տարի առաջին անգամ հանրապետության հրապարակում տեղադրված ամանորյա զարդարանքներով 16 տնակներում  վաճառքի  են հանվել  ձեռագործ  աշխատանքներ, ամանորյա հուշանվերներ: Տաղավարներում իրենց կողմից պատրաստված հուշանվերները կարող են վաճառել Արցախի սահմանամերձ գյուղերի բնակիչները, ինչպես նաև ուսումնական հաստատություններում սովորող աշակերտները և մանկատան սաները: Տաղավար է հատկացվել նաև փոքրիկների համար, որտեղ նրանք հմուտ ուսուցիչների հսկողությամբ կարող են պատրաստել ամանորյա խաղալիքներ:

Նախարարի խոսքով՝ դեկտեմբերի 18-ից, 12 օր շարունակ «Կաղանդավան»-ում կազմակերպվելու են ամանորյա տոնական միջոցառումներ, որն էլ հնարավորություն է տալու նախատոնական օրերն ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու:

«Կաղանդավան»-ի բացումից հետո տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կազմակերպված 16,5 մ բարձրություն ունեցող հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը, որի պատիվը նույնպես տրվել է Կաղանդ Պապիին:

Միջոցառմանը փոքրիկների համար համերգային ծրագրով հանդես են եկել մայրաքաղաքի մշակութային տան սաները:

Տոնախմբությանը մասնակցել են մուլտիպլիկացիոն հերոսներ:

Միջոցառմանը ներկա Ձմեռ Պապն ու Ձյունանուշը շնորհավորել են ներկաներին՝ մաղթելով, որ 2018-ն արցախցիների համար լինի խաղաղության, բարեբերության, լիության ու առատության տարի:

Scroll Up