«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է գործակցության առաջին քայլերը Արգենտինայի կառավարության հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է գործակցության առաջին քայլերը Արգենտինայի կառավարության հետ։ Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է, որի արգենտինական դրական փորձի կիրառման հնարավորությունը դիտարկելու համար Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան այցելեց Տավուշի մարզի Խաչարձան համայնք։
Դեսպանը ծանոթացել է գյուղատնտեսական զարգացման ծրագրերին, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով իրագործել է արգենտինահայ համայնքը։ Դեսպան Ուրրոլիաբեիտիան ներկա է գտնվել նաև ջերմոցների շարունակական ծրագրի շրջանակում իրականացվող վիճակահանությանը, որով պարզ է դարձել Խաչարձանում ևս երկու ջերմոցների շահառուները։ Ի դեպ, Հիմնադրամը ծրագրի շրջանակում Տավուշի մարզում բացել է արդեն 100 -ից ավել ջերմոց։
Խաչարձանում արգենտինահայ առաջին ներդրողներից է եղել Կալչյան ընտանիքը։ Նրանց ֆինանսավորմամբ վերակառուցվել է գյուղի դպրոցը, Խաչարձանում կառուցվել է բուժկետ և համայնքային կենտրոն։ Այնուհետև, Կալչյաններին միացել են արգենտինահայ այլ ընտանիքներ, այդ թվում՝ Ավագյանների ընտանիքը Թերզյանների հետ մասնակցել է խմելու ջրի համակարգի կառուցմանը։ Թերզյան ընտանիքն էլ իր հերթին հովանավորել է գյուղում մարզահամալիրի կառուցումը, որը նվիրվել է նրանց դստեր՝ Մարիա Թերզյանի հիշատակին։ Սարգիս և Ծովինար Անակների ընտանիքն էլ հիմնել է Հավատքի պուրակը, որի բացման ընթացքում կնքվել է գյուղի 130 բնակիչ։