Նշվեց Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամյակը

Norjugha.ir- Նոյեմբերի 30-ին Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության դահլիճում հանդիսությամբ նշվեց Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամյակը:

Սպահանի Հայոց թեմի պատգամավորական ժողովի որոշմամբ ու հովանավորությամբ և Թեմական խորհրդի կողմից կյանքի կոչված հոբելյանական հանձնախմբի կազմակերպմամբ իրականացված այս ծրագրին ներկա էին Շահինշահրի հայ համայնքի հոգևոր տեսուչ գերապատվելի Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանյանը, քահանայից դասի, թեմի ազգային մարմինների, Հայ դատի հանձնախմբի, միությունների ու հայոց դպրոցների ներկայացուցիչներ և այլք:

Երեկոն բացված հայտարարվեց հաղորդավարուհի Ալինա Տեր-Սուքիասյանի ողջույնի խոսքով, որից հետո արտահայտվեց կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Նիկիտ Միրզայանցը: Նա նշեց. «Նոր Ջուղայում Բեգլար Աղայանն ու Հովսեփ Միրզայանը, տեղացի մի քանի արվեստասեր երիտասարդների հետ, 1887-ի փետրվարի 9-ին, ուսուցչական կազմի և աշակերտության համար տվել են իրենց առաջին ներկայացումը` «Խեչոյի թուզը» և «Երկուսս էլ քաղցած ենք, երկուսս էլ փող չունենք» պիեսները, որը տեղի է ունեցել «Սիմոնենց» կոչվող տան դահլիճում»: Այնուհետև պրն. Միրզայանցն իր խոսքում ներկայացրեց Նոր Ջուղայի թատրոնի պատմությունը՝ հիշելով այս ճանապարհին դերակատարում ունեցող անձանց, կարևորությամբ ընդգծեց հատկապես ներկայացումներում կանանց դերակատարությունը, որը, նկատի ունենալով ժամանակաշրջանի մտածելակերպը, ինքնին հերոսություն էր համարվում:

Հաջորդիվ ցուցադրվեց տեսաֆիլմ, որտեղ արտացոլված էր Նոր Ջուղայի թատրոնի պատմությունը` համապատասխան լուսանկարներով:

Ընթացքում նորջուղայեցու գեղեցիկ բարբառով «Կարոտի երգը» կատարեցին Վահե Ակոնը և Արամազդ Մկրտչյանը, որը հանդիսատեսի մոտ ստեղծեց խանդավառ մթնոլորտ և արժանացավ բարձր ծափողջույնների:

Ն. Ջ. Հայ մարզամշակութային «Արարատ» միության Մշակութային միավորի «Լևոն Շանթ» թատերախումբը, ղեկավարությամբ Գաբրիել Թիքիդջյանի, երեք արարով վարպետորեն ներկայացրեց ֆրանսահպատակ բելգիացի դրամատուրգ Մորիս Հեննեկինի «Բեբեկս» (Ախ այս ստախոս կանայք) կատակերգությունը: Հանդիսատեսի բարձր գնահատանքին արժանացած այս ներկայացումը պատմում է մի կնոջ ստախոսության մասին, որի պատճառով ընտանիքում առաջանում են անհամաձայնություններ ու վեճեր:

Դերերում հանդես եկան Վաղո Տեր-Սուքիասյանը, Հայդուկ Վարդևանյանը, Զարենուշ Աղուրյանը, Կարեն Խանլարյանը, Հրաչ Տեր-Հովհաննիսյանը, Հասմիկ Հովսեփյանը, Անասիկ Ծառուկյանը, Մարինե Հայրապետյանը և Էդմոնդ Օրդուբեգյանը:

Երեկոն եզրափակվեց Սպահանի Հայոց թեմի պատգամավորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանյանի խոսքով, ով ակնարկ նետեց թատրոնի հետ կապված իր հուշերին և անցյալ տարիների ընթացքում ներկայացված ներկայացումներին: «Գեղեցկորեն ներկայացվեց «Բեբեկս»-ը և Նոր Ջուղայի բարբառը, որոնք մեզ տարան դեպի մեր փառավոր անցյալն ու ակունքները… Թատրոնը բացի այն, որ վեր է հանում և խարազանում համայնքի տկար կողմերը, միևնույն ժամանակ գնահատելով բարոյական կողմերը` այն ներկայացնում է ժողովրդին: Կյանքի իրական կրթիչ ու դաստիարակիչ միջավայր է բեմը և թատրոնը: Հայկական թատրոնը վաղեմի անցյալ ունի. Քրիստոսից 70-80 տարիներ առաջ, պատմական Հայաստանի Տիգրանակերտ և Արտաշատ քաղաքներում բեմադրվել են հունական ողբերգություններ: Անցյալ ունի մեր ժողովուրդը թատրոնի հետ, ինչպես նաև մենք՝ ջուղայեցիներս, անցյալ ունենք թատրոնի հետ»,- իր խոսքում նշեց Թաթուլ Օհանյանը:

Լուսանկարիչ` Գևիկ Խաչատրյանի

Scroll Up