«Թուֆենկյան» հիմնադրամի ծրագրում կներառվեն Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերը

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը 2017 թվականին Արցախում իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնցից մի քանիսը դեռևս ընթացքի մեջ են:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանն ասել է, որ 2017 թվականին հիմնադրամի շնորհիվ Հադրութի շրջանի Առաջամուղ համայնքում շահագործման է հանձնվել վեց նոր բնակելի տուն: «Բացի դրանից, Առաջամուղում ընդլայնվել է նաև գյուղի դպրոցի շենքը՝ ավելացել են 4 նոր դասասենյակներ»,- նշել է Մ. Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հիմնադրամը ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ վերանորոգել է Քաշաթաղի շրջանի Հակ գյուղի դպրոցը: Հակում լուծվել է նաև խմելու ջրով ապահովելու խնդիրը:

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել նաև Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում, մասնավորապես՝ կապիտալ վերանորոգել է գյուղի հիվանդանոցը, Իշխանաձորում հաստատված սիրիահայ և լիբանանահայ ընտանիքների բնակարաններ:

Մ. Հովհաննիսյանը նշել է, որ «Վիրավոր ազատամարտիկների բնակարանային ապահովման» ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում վերանորոգվել է հինգ բնակարան:

Խոսելով ընթացիկ ծրագրերի մասին՝ նա նշել է, որ ավարտման փուլում է Ասկերանի շրջանի Պատարա գյուղում վիրավոր ազատամարտիկի տան վերանորոգման աշխատանքները:

«2018 թվականին նախատեսում ենք հիմնադրամի աշխատանքները կենտրոնացնել  Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերի ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև շարունակվելու են մեր մշտական ծրագրերը»,-ընդհանրացրել է Մ. Հովհաննիսյանը:

Scroll Up