«Հայաստան» հիմնադրամի ռազմավարական և տնտեսական նշանակության ծրագրերը Արցախում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ ընթացիկ տարում շահագործման է հանձնվել ռազմավարական նշանակություն ունեցող «Վարդենիս-Մարտակերտ» մայրուղին, իրականացվել են համայնքային նշանակության մի շարք ծրագրեր:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի` ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերի համակարգող Վալերի Ղազարյանն ասել է, որ ընթացիկ տարում իրականացված խոշոր ծրագրերից Վարդենիս-Մարտակերտմայրուղու շահագործումը թույլ է տալիս զարգացնել մերձակա շրջանների տարածքների սոցիալ-տնտեսական վիճակը: «Արցախը Հայաստանին կապող երկրորդ մայրուղու (Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից հետո)՝ Վարդենիս-Մարտակերտի գործարկումը զգալիորեն կրճատում է ոչ միայն ժամանակն ու տարածությունը, այլև հնարավորություն է տալիս սերտացնել միջհամայնքային կապերը, նպաստել հարակից համայնքների տնտեսական զարգացմանը»,- նշել է Վ. Ղազարյանը:
2017 թվականին շահագործման են հանձնվել նաև համայնքային կենտրոններ Մարտակերտի շրջանի Կոճողոտ, Մարտունու շրջանի Սարգսաշեն և Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղերում:
Ավարտված ծրագրերից է նաև Ստեփանակերտ քաղաքի ուռուցքաբանության կենտրոնի շենքի և Շուշիի մշակույթի կենտրոնի դահլիճի կառուցումը:
Վ. Ղազարյանի խոսքով՝ մանկապարտեզներ են շահագործման հանձնվել Շուշիի շրջանի Քարին տակ և Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքներում, իսկ Մարտունու շրջանի Սոս գյուղում՝ նորակառույց դպրոց:
Խոսելով բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրից՝ Վ. Ղազարյանը նշել է, որ այդ շրջանակներում ընթացիկ տարում 13 առանձնատուն է հանձնվել իրենց տերերին: Կառուցվում է ևս 10 առանձնատուն:
«Ընթացիկ ծրագրերից է նաև Ստեփանակերտի 9-րդ դպրոցի վերակառուցումը: Դպրոցական շենքի մի մասնաշենքը և սպորտդահլիճն արդեն վերակառուցվել են: Ներկայումս աշխատանքները շարունակվում են մյուս հատվածում»,- նշել է Վ. Ղազարյանը:
Նոր դպրոցական շենք է կառուցվում նաև Հադրութի շրջանի Ուղտասար համայնքում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ շինարարական լայնածավալ աշխատանքներ են տարվում Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում:
Արցախի գրասենյակի ղեկավարն ասել է, որ ընթացքի մեջ է Մարտակերտի շրջանի Գետավան, Հադրութի շրջանի Տումի և Թաղասեռ, Ասկերանի շրջանի Քռասնի ու Խնձրիստան գյուղերում համայնքային կենտրոնների կառուցումը:
Անդրադառնալով այս տարվա «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող հեռուստամարաթոնին՝ նա նշել է, որ «Հեռուստամարաթոն 2017»-ի արդյունքում հավաքագրված 12 մլն 505 հազար 456 ԱՄՆ դոլարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրերի. Մարտունու և Ասկերանի շրջաններում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը, ինչպես նաև Ասկերանի և Շուշիի շրջաններում արևային էներգիայի կայանների տեղադրմանն ու Քարին տակ գյուղն ամբողջությամբ տաք ջրով ապահովելու ծրագրին:
Հիմնադրամի 2018 թվականի ծրագրերից է լինելու նաև Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի վերակառուցումը: