«Պատանի հայագետ» խորագրով մրցույթ Տյումենում

Տյումենի հայկական մշակույթի կենտրոնում  ավանդույթ  են դարձել բաց դաս-միջոցառումները, որոնք էլ ավելի հետաքրքիր և գրավիչ  են դարձնում ուսումնական գործընթացը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է մշակույթի կենտրոնի ղեկավար Ռուզաննա Դանիելյանը, դեկտեմբերի 3-ին «Պատանի հայագետ» մրցույթ էր կազմակերպել հայոց պատմության ուսուցչուհի Մանուշակ Համբարյանը: Մրցում էին երեք թիմեր, որոնց անվանումները համապատասխանում էին հայկական դրոշի գույներին, մասնակիցները մշակույթի կենտրոնի սաներն էին (12-14 տարեկան ): Երեխաները երկրորդ տարին են ուսումնասիրում հայոց պատմությունը, նրանք մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ էին արձագանքել ուսուցչուհու առաջարկին, բավականին լավ էին պատրաստվել մրցույթին:

Դահլիճում գտնվում էին հյուրեր, ծնողներ, որոնք մեծ հետաքրքրությամբ հետևում էին երեխաների պատասխաններին, հիացմունքով, հպարտությամբ ողջունում և ծափահարում նրանց:

Ժյուրիի կազմում էին ՌԴ արդարադատության վաստակավոր իրավաբան, մեր հայրենակից Թելման Էլբակյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ՝ Արմենակ Խաչատրյանը, Սմբատ Ներսիսյանը, հայկական երիտասարդական կազմակերպության անդամ Սերգեյ Արզումանյանը, ծնողական կոմիտեի անդամ Շուշաննա Հովասափյանը:

Մրցույթի ավարտից հետո երեխաներին ողջունեցին և շնորհավորեցին մշակույթի կենտրոնի հիմնադիր Սերգո Ստեփանյանը, ժյուրիի անդամները և նրանց պարգևատրեցին պատվոգրերով  և դիպլոմներով:

Scroll Up