Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը նախատեսված է 2018-ի տարեսկզբին

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ։
Հանդիպումը մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի ձևաչափով։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։
Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները։