Հայ պատանին կենցաղը հեշտացնող ռոբոտ է ստեղծել

11-ամյա Դավիթ Բաղդասարյանը ռոբոտաշինությամբ հետաքրքրվում է արդեն մի քանի տարի: Նրա ստեղծած դեռևս միակ բազմաֆունկցիոնալ ռոբոտը կարողանում է վերցնել, տեղափոխել և տեղադրել առարկաները, ինչպես նաև կարդալ և հարցերի պատասխանել: Ռոբոտն ունի նաև տեսախցիկ:
PanARMENIAN.Net ին Դավիթը պատմեց, որ մարդկանց կենցաղը հեշտացնող ռոբոտ ստեղծելու մասին վաղուց է երազել:
«Ռոբոտաշինության հետ կապված բազմաթիվ գաղափարներ առաջացան «Աղուէս» ծրագիրը սովորելու ընթացքում, և ես որոշեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ այս բնագավառի մասին»,-ասաց նա:
Դավիթը բազմաֆունկցիոնալ ռոբոտը պատրաստել է նախկինում իր սարքած մի քանի այլ ռոբոտների համադրությամբ: «Երկու ամսում եմ պատրաստել ռոբոտը՝ Arduino IDE և Snap4arduino ծրագրերի միջոցով»,- ասաց նա:
Պատանին մտադիր է կատարելագործվել ռոբոտաշինության բնագավառում: Այժմ նա պատրաստվում է բերք հավաքող ռոբոտ ստեղծել: