ECM records-ը թողարկել է կոմիտասյան ստեղծագործությունների ձայնասկավառակը

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, 2017 թվականի աշնանը թողարկվել է դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանի «Կոմիտաս՝ յոթ երգ» վերնագրով կոմիտասյան դաշնամուրային ստեղծագործությունների ձայնասկավառակը՝ համաշխարհային մեծ հեղինակություն վայելող ECM records-ի կողմից՝ արժանանալով միջազգային մամուլի և երաժշտաքննադատների բարձր գնահատականին: Ձայնասկավառակները ձայնագրվել են Շվեյցարիայի Լուգանո քաղաքի RSI ստուդիայում՝ ECM records-ի հիմնադիր Մանֆրեդ Այխերի ղեկավարությամբ։

Այս ընկերությունն աշխարհին ներկայացրել է այժմյան մեծանուն երաժիշտներից շատերին, ինչպես օրինակ՝ Արվո Պյարտին, Քեյթ Ջարեթթին, Չիկ Կորեային, Գիդոն Կրեմերին, ինչպես նաև՝ մեր հայրենակիցներ Տիգրան Մանսուրյանին, Քիմ Քաշքաշյանին և այլոց: Սա այն եզակի դեպքերից է, երբ հանրահայտ ընկերությունն է հրատարակում և աշխարհին ներկայացնում Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները։

Ձայնասկավառակի գրքույկը գրել է հեղինակավոր երաժշտաքննադատ, «The New York Times»-ի երաժշտական նախկին գլխավոր խմագիր Փոլ Գրիֆիցը, ով Կոմիտասի կատարած աշխատանքը համեմատում է հունգարացի հայտնի երգահան, դաշնակահար և երաժշտագետ Բելա Բարտոկիի աշխատանքի հետ՝ նշելով. «Մինչ Բարտոկի ստեղծագործությունները վաղուց մտել են համաշխարհային դասական երաժշտության նվագացանկ, Կոմիտասը համաշխարհային երաժշտության պատմությունից պոկված մի էջ է, որը սպասում է իր ետ կարվելուն»:

Փոլ Գրիֆիցը, անդրադառնալով դաշանակահարուհու ստեղծագործական տաղանդին, հետևյալն է ասել.«Լուսինե Գրիգորյանը Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների իր մեկնաբանություններում ոչ միայն ընկալում է այն, ինչ երևում է նոտագրության մեջ, այլ փոխանցում է նաև ազգային երաժշտության ետնապատկերը, խորքային ակունքները, որտեղից այն սերվել է: Նրա լեգատոյի արտահայտչաձևերը կարող են առաջացնել դուդուկի զգացողություն, իսկ ստակատոները՝ հուշել թառի հնչողությունը, ներկա են նաև թմբուկն ու զուռնան՝ ժողովրդականի նման ճկուն ռիթմերով։ Նրա կատարողականությունն արտահայտում է ժողովրդական և ծիսական երաժշտությանը բնորոշ խորհրդավորությունը»:

Ձայնասկավառակի գրքույկում ընդգրկված են նաև կատարողի խիստ շահեկան բացատրությունները ստեղծագործությունների ծագման, Կոմիտասի աշխատանքի, ինչպես նաև մեկնաբանական սկզբունքների մասին։

Ձայնասկավառակները հասանելի են աշխարհի գրեթե  բոլոր երկրների ձայնասկավառակների վաճառակետերում, ինչպես նաև առցանց վաճառակետերում՝

Amazon /Komitas , Seven Songs, Lusine Grigoryan (link)

Amazon / Komitas, The Gurdjieff Ensemble (Link)

«Կոմիտաս՝ յոթ երգ» ձայնասկավառակից հատվածներ լսելու համար այցելել ECM Records-ի կայքէջ` https://www.ecmrecords.com/catalogue/1499264471/komitas-piano-compositions-lusine-grigoryan

Լուսինե Գրիգորյանի կայքէջ` http://lusinegrigoryan.com 

Տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=JwmQOyz4gc8

Հավելենք նաև, որ 2015 թվականին ECM records-ի կողմից հրատարակվել է «Գյուրջիև» համույթի (գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Լևոն Էսկենյան) «Կոմիտաս»  ձայնասկավառակը՝ 30  էջանոց  բազմաբովանդակ տեղեկատվությամբ  և  լուսանկարներով:

Scroll Up