Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 22-րդ և Մշակույթի տան 9-րդ տարեդարձերի տոնակատարությունը Օդեսահայ համայնքում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/12/օդեսա1-300x225.jpg)
Հայը դարերով սիրով է պահել
Յոթ թանկ սրբություն՝
Գիրքը, Մասիսը, շինարար ոգին,
Հավատը, լեզուն.
Սուրբ անուններ են եղել դարերով
Հայ ընտանիքը,
Եվ ամենից վեր, ամենից լուսե՝
Մայր հայրենիքը։
Սուրեն Մուրադյան
Սիրված բանաստեղծի այս սուրբ տողերի հավաստիքը և ցայտուն վկայությունը եղավ աշնան վերջին կայացած տոնական հանդիսությունը՝ Օդեսայի հայ համայնքի մշակույթի տան հարազատ հարկի տակ։ Այդ օրը մի առանձնահատուկ խորհուրդ ուներ, քանզի նշվում էր ազգային արժեքների՝ հոգևոր ու աշխարհիկ մշակույթների գեղեցիկ, ներդաշնակ միահյուսման տոնը, արժեքներ, որոնք բազում դարեր եղել ու մնում են աշխարհասփյուռ հայության գոյության առհավատչյան։
Հընթացս կիրակնօրյա Սուրբ արարողության պատարագիչ քահանայի հոգեհույզ քարոզներն ունկնդրելուց ու Աստծո տան կամարների ներքո ճախրող հոգևոր երգեցողության հրաշալի մեղեդիներն ըմբոշխնելուց զատ, հավատավոր ու եկեղեցասեր օդեսահայերը մշակույթի կենտրոնի մեծ ու գեղեցիկ սրահում սիրով ու հոգեկան մեծ բավականությամբ մասնակցեցին տոնական միջոցառմանը։
Տերունական աղոթքին հաջորդեց համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանի հանդիսավոր խոսքը։ Իր ելույթում պարոն նախագահը շնորհավորեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և մշակույթի օջախի տարեդարձերը և, ի դեմս հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանի ու կենտրոնի տնօրեն Աննա Գևորգյանի, դրվատանքի արժանացրեց համայնքային հոգևոր ու աշխարհիկ այս հրաշալի՝ «ազգապահպան ու ազգահավաք» կառույցների գործունեությունը, երախտիքի խոսքեր հղեց նաև նրանց, ովքեր այսօր իրենց նյութական ու բարոյական աջակցությունն են բերում համայնքին։
Այնուհետև, տոնական օրվա կապակցությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռներ» գրական-ազգագրական ստուդիայի սաների ջանքերով ներկայացվեց «Աղոթք Արարատին» գրական-երաժշտական կոմպոզիցիան, որը կազմակերպել էր վերոհիշյալ կառույցի գեղարվեստական ղեկավար, Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա կրթօջախի տնօրեն Էլեն Պողոսյանը։
Միջոցառման սցենարի հիմքում ընկած էր Ամենայն Հայոց Բանաստեղծուհու գնահատանքը Մասիսի հանդեպ։ Բեմականացվեց «Աղոթք Արարատին» սսեղծագործությունը, որի միջոցով ներկայացվեց լեռան «կերպարը».
Արարատը, որը եղավ Նոյ նահապետի վերջին հանգրվանը, աշխարհապատկան է, բայց բիբլիական հսկան հայ ժողովրդի համար սուրբ ու վեհ խորհուրդ ունի։ Նվիրական լեռը մեր բազմադարյա պատմության մեծագույն վկան է ու հավերժացող ժողովրդի հավիտենականության խորհրդանիշը, գոյության խորհուրդն ու աշխարհասփյուռ հայության միասնականության փարոսն է։
Միջոցառման ընթացքում հաղորդավարներ Վերոնիկա Վանյանն ու Վահան Պողոսյանը սահուն հայերենով զանազան փաստեր, տեղեկություններ տվեցին լեռան վերաբերյալ, մեջբերումներ կատարեցին տարբեր աղբյուրներից։
Անչափ տպավորիչ էր բեմականացված տեսարանը՝ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի ուղղեկցությամբ Ֆրիդրիխ Պարրոտի՝ Արարատի կատարը բարձրանալու հանրահայտ դրվագը։
Արարատի հանդեպ մեր անսահման սիրո ու կարոտի արտահայտություններն էին
«Ինձ էլ բերեք այն սուրբ ձյունից», «Ես Մասիսը չտեսա»,«Կուզեի նստել» բանաստեղծությունները;
Հրաշալի հանդես եկան Արմենը, Ագնեսան, Արթուրը, Էլենը, Ալյոնան, Մարատը,Սոսը…
Իրենց անմիջական մասնակցությունը բերին ստուդիայի ղեկավարը և հոգևոր հովիվը։
-Սրբազա՛ն լեռ, մենք կհասնենք կատարիդ…,-աղոթքի նման հնչեց Էլեն Պողոսյանի շուրթերից։
Տեր հայրն ընթերցեց Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մասիսին տրված գնահատականը.
Մեր ազգի հոգու պատկեր, երազանք՝
Քառասուն դեմքով, քառասուն գույնով, քառասուն կանչով ։
Կրկին հավաստիացվեց՝ «Արարատը հայ ժողովրդի ազգային գիտակցության ու երազանքների սրբազան խորհրդանիշն է»։
Հայ մարդու համար այն սրբազան կտակ է, որը պարտավոր ենք որդոց-որդի ավանդել.
Որդի՛ս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ ի՛մ բալիկ…
Քեզ Մասի՜սն եմ կտակում, որ դու պահես հավիտյան…
երեկույթը ձոն էր Արարատին՝ գեղատեսիլ ու երկնասլաց հսկային…
Գեղեցիկ է նա տարվա տարբեր եղանակներին, օրվա տարբեր պահերին. այդ մասին էին «Իմ երկրի վրա շողշողում է սարը Արարատ» երգը և ձյունաթույր հանդերձներով աղջիկների քնքուշ պարը։
Սարերի արքան իր վեհությամբ ու գեղեցկությամբ գերել է շատերին, նրան գովերգել ու փառաբանել են հայ նկարիչներն ու գրողները, նրանով ներշնչվել են օգարազգի շատ գրողներ և բանաստեղծություններ նվիրել։ Այդ սքանչելի ստեղծագործություններից Լուսավորչի թոռներն ասես դափնեպսակ հյուսեցին Մասյաց աստեղնահաս՝ հավերժական ձյունով պատված գագաթին։
Ցերեկույթն ուղեկցվում էր ներդաշնակ մեղեդիներով ու պարային համարներով։
Նրանցում ընդգրկված էին «Բարեկամություն» պարային համույթը, «Արաքս» վոկալ և Մարի Բալյանցի՝ աղջիկների պարախումբը։ Հնչեցին «Կիլիկիա», «Տեսնեմ Անին» երգերը։ Իրենց գեղեցիկ ելույթով հանդիսատեսին հաճույք պատճառեցին և ջերմ ծափահարությունների արժանացան նաև դպրոցի զրո դասարանի աղջնակները՝ սիրելի ուսուցչուհի Հռիփսիմե Մելքոնյանի ղեկավարությամբ։
Ցերեկույթի շարունակությունը եղավ երիտասարդաց միության (նախագահ՝ Ազգանուշ Վարդանյան) ներկայացրած տոնական համերգային ծրագիրը՝ համեմված ազգաին ավանդույթների նմուշներով, հայ ժողովրդական, հայրենասիրական երգ ու պարերի հոյակապ կատարումներով, հային ու հայրենիքին նվիրված քերթվածքների ասմունքով…
Սրահում հնչեց քահանայի թավ ձայնը.
«Բարձր մակարդակով կազմակերպված գրական-երաժշտական ծրագիրն անկեղծորեն հուզեց բոլորիս, միաժամանակ անչափ քաջալերեց ու թևավորեց. թվում է՝ հանց Մասյաց աղավնի, կարող ես սավառնել բիբլիական լեռան աստվածամերձ գագաթին և խաղաղություն ու բարություն սփռել համայն աշխարհում»։
Հանդիսատեսը մտադրություն չուներ հեռանալու …
Լսելով հոգեհարազատ երաժշտությունն ու դիտելով փոթորկուն պարերը՝ բոլորը խանդավառված շրջան մտան.
Մասիս սարն է իմ թիկունքին,
Ինձ սատարում, ուժ է տալիս,
Պահում հավատս անսասան.
Կզլենք ուժգին մեր դհոլ-զուռնեն,
Եվ միասնության պարն հավաքական
Մասիսի լանջերի՜ ն դեռ կպարենք…
Կոչեմ ապրողա՜ ց,
Որ Արարատը չմնա անդարձ։
Նարինե Մուրադյան
ք. Օդեսա, «Հայերն այսօր»-ի արտահաստիքային թղթակից