«Հայաստան» համահայկական հիմնադրամը բնակարան է նվիրել արցախցի բազմազավակ ընտանիքին

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Մարտունու շրջանի Ճարտար համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 4 սենյականոց բնակարան է նվիրել Պողոսյանների բազմազավակ ընտանիքին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի գրասենյակի ղեկավար Վալերի Ղազարյանն ասել է, որ բնակարանը կառուցվել է Տորոնտոյի տեղական մարմնի շնորհիվ:

«Տան կառուցումը սկսվել էր 2016 թվականի հոկտեմբերին: Բնակարանն ապահովված է անհրաժեշտ բոլոր կոմունալ պայմաններով. այն նաև կահավորված է»,- ասել է Վ. Ղազարյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերար Գարբիս Նորյանի միջոցներով երեկ էլ բնակարան է հաձնվել Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքում բնակվող Պետրոսյանների բազմազավակ ընտանիքին:

Վ. Ղազարյանը նշել է, որ  բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 25-րդ տունն է հանձնում շահագործման: Ընթացիկ տարում բնակարան է տրվել  12 ընտանիքների: Դեռ 10 ընտանիք էլ տուն կստանա:

Լուսանկարները՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի

Scroll Up