Արցախի զբոսաշրջության զարգացման համար խրախուսելու ենք «BnB» կարգի հյուրատների ստեղծմանը

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է՝ շուրջ 40 տոկոսով, իսկ 2015թ.-ի համեմատ 28 տոկոսով:

Այս մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը՝  նշելով, որ դեռևս չամփոփած տվյալներով արդյունքները գոհացուցիչ են  և մինչև տարեվերջ այն դեռևս աճելու է:

Նախարարի խոսքով՝ ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:

«ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2017 թվականին իրականացվել են Հադրութի շրջանի Տող գյուղի Մելիքական ապարանքի տարածքի բարեկարգման և հարմարեցման աշխատանքներ: Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել Ասկերանի բերդի հյուսիս-արևելյան հատվածի վերականգնման աշխատանքները: Մասնավոր  ֆինանսավորմամբ՝ ընթացիկ տարում վերականգնման աշխատանքներ են իրականացվել ԱՀ  Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու, Շուշիի Վերին մզկիթի հարևանությամբ գտնվող Մեդրեսեի շենքի և Դադիվանքի վանական համալիրի տարածքում»,- ասել է Շահվերդյանը և նշել, որ Մուշկապատի եկեղեցու վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, իսկ Դադիվանքի վանական համալիրի և Մեդրեսի շենքի վերականգնման աշխատանքները նախատեսվում է շարունակել հաջորդ տարի:

2018 թվականին  ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծրագրված է վերականգնել նաև Ասկերանի բերդի միջնաբերդի հատվածը, ինչպես նաև հռչակավոր Գտչավանքի գլխավոր եկեղեցու և գավիթի տանիքները:

«Հիմնականում բոլոր զբոսաշրջավայրերը, որոնք ընդգրկված են Արցախի զբոսաշրջային երթուղիների ցանկում, գտնվում են բարեկարգ վիճակում կամ էլ բարեկարգման ընթացքի մեջ են: Հաջորդ տարի շարունակելու ենք այս տարի գործարկված «ՏուրԲուս» զբոսաշրջային ուղևորափոխադրումները, քանի որ համարում ենք, որ հաջողված նախագիծ է: Նոր երթուղիների մասին դեռ վաղ է խոսել. ստույգ ժամկետները ճշտելուց հետո այն կներկայացվի հանրությանը»,- ասել է Շահվերդյանը:

Խոսելով գալիք տարում իրականացվելիք աշխատանքների մասին՝ նախարարը նշել է, որ գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացման համար խրախուսելու են օրինակ՝ «BnB» (bed & breakfasts/ անկողին և նախաճաշ) կարգի հյուրատների ստեղծմանը, ինչպես նաև զբոսաշրջային նոր պրոդուկտի ձևավորմանն  ու  խթանմանը: Բացի այդ, մեծ ուշադրություն է դարձվելու թվային մարքեթինգի միջոցով Արցախի բրենդի տարածմանը, ինչը համացանցային տիրույթում ավելի կնպաստի Արցախի ճանաչելիությունը: Այս ուղղությամբ նախատեսվում է  Հայաստանի և արտերկրից զբոսաշրջության բնագավառի մասնագետների հետ խորհրդատվություններ:

Scroll Up