Երևանի շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին արևային վահանակներ կտեղադրվեն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է շահագրգիռ կառույցներին և պոտենցիալ ներդրողներին քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային փաթեթների ներկայացումը:

Զեկուցվել է նաև, որ արդեն իսկ հստակեցված է ԵՄ կողմից «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով մայրաքաղաքում իրականացվող «Երևան՝ արևային համայնք» ծրագրի շրջանակում շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին արևային վահանակներ տեղադրելու, ինչպես նաև տվյալ շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ապահովման նպատակով վերելակները, շքամուտքերը, այդ թվում բակային տարածքները LED լուսատուներով լուսավորելու պիլոտային ծրագրի իրականացման ժամանակացույցը:
Մեծապես կարևորելով այս ծրագրի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ դրա արդյունավետությունով պայմանավորված՝ այն կարող է ունենալ շարունակություն ամբողջ քաղաքում, որի նպատակով համայնքային բյուջեից կկատարվեն համապատասխան հատկացումներ:

Scroll Up