Հայրենիք ունենք, ինչո՞ւ ապրենք օտարության մեջ. Շանթ Թորիկյան

Շանթ Թորիկյանը ծնվել է Լիբանանում, մոտ մեկ տարի է, ինչ եկել ու հաստատվել է Հայաստանում: Նա մասնագիտությամբ ատամնատեխնիկ է: Իր խոսքերով· ինքը որոշ դժվարությունների ճիշտ է հանդիպում է, քանի որ նոր շրջանակ է, նոր բժիշկներ են, բայց Հայաստան գալու համար չի փոշմանում:

-Հայաստան գալու հիմնական պատճառներից մեկը Լիբանանի անկայուն քաղաքական վիճակն է: Ես նախընտրեցի գալ հայրենիք՝ Հայաստան, ոչ թե Եվրոպա կամ ԱՄՆ գնալ: Բայց հայրենիք ասվածը պետք չէ հասկանալ որպես այդպիսին, դա առաջին հերթին գործն է՝ աշխատանքը:

-Հենց դա էի ուզում հարցնել, թե ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը:

-Ինձ համար Հայրենիքը Հայրենիք է ու ի վերջո նախընտրել եմ հենց այստեղ գալ, ոչ թե Եվրոպա: Եթե աշխատանք լինի ու առաջ գնամ, որևէ խնդիր չունեմ, որպես երկիր: Եվրոպայում, բնականաբար ավելի լավ է իմ մասնագիտության համար, ավելի արագ է նորություններին հետևում, միանշանակ ապագա ունի Եվրոպան, բայց նախընտրել եմ Հայաստանը:

-Արդեն մեկ տարի է այստեղ եք, ի՞նչ դժվարությունների եք հանդիպել կամ շարունակում հանդիպել:

-Դժվարությունները զուտ աշխատանքային են, ես միայնակ եմ գործում, աշակերտ չունեմ, դժվար է բժիշկների հետ ծանոթանալ, ամեն ինչ ինքս եմ անում, անձնապես եմ գնում բժիշկների մոտ ու ներկայացնում ծառայություններս: Հիմնականում ասում են կզանգեն, բայց շատ չեն զանգողները: Բայց որևէ խնդիր չկա. սփյուռքահայի են զանգահարում, թե տեղացի հայի: Ես նաև պատրաստ եմ աշխատել երիտասարդների հետ` տոկոսային սկզբունքով, ովքեր կներկայացնեն իմ ծառայությունները ու դրանից տոկոս կստանան:

-Այսինքն ինտեգրման խնդիրների հետ չե՞ք բախվում: Ժամանակին շատ էին խոսում սփյուռքահայերի ու տեղացիների միմյանց հետ մերվելու խնդրից, նման բան զգացե՞լ եք:

-Ընդհանրապես նման բան չեմ զգացել: Ավելին, շփումներս ավելի շատ տեղացիների հետ են, իսկ սփյուռքահայ շփումներս հիմնականում բարեկամներն են: Ունեմ հայրենադարձ ընկերներ ևս, վերջերս ընկերոջս ընտանիքն է եկել ու հաստատվել այստեղ:

-Իսկ Դուք միայնա՞կ եք եկել, թե՞ ընտանիքով:

-Ես միայնակ եմ: Ընտանիքս Բեյրութում է:

-Իսկ ինչպե՞ս նրանք վերաբերվեցին Ձեր այդ որոշմանը:

-Դժվար էր, բայց ես դեռ ավելի վաղ էի ուզում գալ: Կարող եմ ասել անգամ, որ ուշացել եմ գալու հարցում, եթե մի քիչ շուտ գայի, ավելի հեշտ կլիներ: Բայց ոչինչ, հեռու տեղ չէ, կարողանում ենք հաճախ խոսել և այլն:

-Շա՛նթ, Ձեր Հայաստան գալու որոշումը ստացվում է վիճակայի՞ն էր, թե՞ նման մտադրություն վաղուց ունեիք:

-Չէ, վաղուց ունեի նման մտադրություն, բայց այս ձևով չէի ուզում գալ: Օրինակ, գալուց բնակարանս չեմ վաճառել, այնինչ կարող էի վաճառել ու ավելի հանգիստ այստեղ գալ: Եկել եմ պայքարելու ու տեսնելու կարո՞ղ եմ այստեղ մնալ:

-Իսկ ընտանիքն այստեղ տեղափոխելու մտադրություն ունե՞ք:

-Այո՛, ընդհանրապես խնդիր չունեմ:

-Իսկ Հայրենիքում ամենատպավորիչն ի՞նչն է Ձեզ համար: Օրինակ մի բան, որ միգուցե չէիք կարողանում գտնել կամ պակասում էր Բեյրութում:

-Շատ բաներ կան, բայց ամենակարևորը՝ երկրի ապահովությունը: Երկրորդը, որ տարբեր ազգեր չկան, բոլորս հայ ենք, բոլորս էլ մեկ ազգ ենք, իսկ ամենապարզ բանն այն է, որ էլեկտրականության հարց չկա: Բեյրութում 24 ժամվա ընթացքում բազմաթիվ ընդհատումներ են լինում, պարզ բան է չէ՞ երկրի համար, բայց չկա: Բացի այդ, ես զբաղված եմ միայն աշխատանքիս մասին մտածելով, քաղաքականության մասին չեմ մտածում, իսկ Բեյրութում ստիպված ենք քաղաքականության մեջ լինել:

-Հետաքրքիր է, բայց այն ամենն ինչ նշում եք, հիմնականում հայաստանաբնակ հայերի բողոքի հիմնական թեմաներն են:

-Այո՛, գիտեմ, շատ են այդպես ասում: Լինում է, որ ուշ երեկոյան տուն վերադառնալիս տաքսի եմ նստում, վարորդները միշտ հարցնում են, թե ինչու եմ եկել Հայաստան: Բայց աշխատանքն ամոթ բան չէ, հային վայել չէ փող մուրալը ու ես, եթե իմ մասնագիտական ոլորտում վատ լինի, կպայքարեմ, ուրիշ աշխատանք կանեմ, որ մնամ այստեղ: Անկեղծ ասեմ՝ ես Բեյրութում շատ հանգիստ էի, անձնական տուն ունեի, ավտոմեքենա, աշխատանք, լավ շրջապատ, բայց եկա: Այն անձինք, ովքեր գալիս են Հայաստան ման գալու, հավատացեք, բոլորն էլ ցանկանում են գալ ու հաստատվել, բայց հարցն էլ այդ վերջնական որոշման մեջ է: Գալիս են, շատ լավ երկիր է Հայաստանը, տեսարժան վայրերը, բայց միայն դա բավական չէ, աշխատանք է հարկավոր: Եթե աշխատանք լինի, համոզված եմ շատ հայրենադարձներ կլինեն: Նրանք էլ չեն ցանկանում Եվրոպա գնալ… Այստեղ «ընտանեկան սրբություն» հասկացությունը կա որոշ չափով, Եվրոպայում զավակդ մի քանի տարի հետո այլևս քոնը չէ:

-Չնայած բոլոր դժվարություններին, խորհուրդ կտայի՞ք Ձեր ծանոթներին գալ ու հաստատվել Հայաստանում:

-Այո՛, մենք Հայրենիք ունենք, ինչո՞ւ ապրենք օտարության մեջ: Այսօր յուրաքանչյուրը պետք է իր երկրում ապրի, շինի, աշխատի, պայքարի, անգամ եթե իր ոլորտից դուրս է, բայց կարևորը գա ու հաստատվի այստեղ: Ճիշտ է, դժվարությունների հանդիպելու է, բայց կյանքը պայքար է ի վերջո:

Արփի Բեգլարյան

www.emedia.am

Scroll Up