Գերմուշում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերվել է ու շարունակում է ավերվել

Գերմուշի հայկական եկեղեցին (Սուրբ Աստվածածին –Ակունքի խմբ.) փլուզման վտանգի տակ է: Չնայած 2011 թ. եկեղեցին ու նրա հարակից տարածքը տուրիստական կենտրոն էին հայտարարվել, հետագա 6 տարիների ընթացքում այնտեղ որևէ աշխատանք չի կատարվել: Իսկ գանձագողերի փորած խորը փոսերը մեծ վտանգ են ներկայացնում եկեղեցու համար: Գերմուշի (Գամուրջ, Կամուրջ) Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է Ուրֆա կենտրոնից 10 կմ դեպի հյուսիս-արևելք ու կառուցվել է 19-րդ դարում, գանձագողերի պեղումների հետևանքով գտնվում է փլուզման վտանգի տակ: Կենտրոնը Հալիլիյե շրջանին կապող Գերմուշ գյուղի հայկական եկեղեցու կողքին գտնվող պատմական կառույցը անուշադրության էր մատնվել, որի հետևանքով քանդվել է, իսկ կանգուն մնացած հատվածներն էլ փլուզման վտանգի տակ են:
Ո՛չ պահակ կա, ո՛չ՝ ցուցանակ
Մինչև 2013 թ. Գերմուշի եկեղեցին որպես գոմ է օգտագործվել, ինչին անդրադարձել են նաև լրատվամիջոցները: Եկեղեցին օրըստօրե ավելի է վնասվում: Շինության համար պատուհաս դարձած գանձագողերն էլ շենքի կանգուն մնացած մասերն են քար ու քանդ արել: Լրատվամիջոցների անդրադարձից հետո պաշտոնյաները սկսել են գործել ու եկեղեցու համար պահակ են նշանակել: Դռանն էլ փակցրել են եկեղեցու պատմությունը ներկայացնող մի ցուցանակ: Սակայն հիմա եկեղեցին ո՛չ պահակ ունի, ո՛չ էլ ցուցանակը կա:
Տուրիզմի զարգացման կենտրոն
Եկեղեցու շրջակայքում բացված անհամար փոսերը պատմական նշանակության շինությանը բավականին վնաս էի հասցրել, ինչը հերիք չէր, վերջին մեկ ամսվա ընթացքում եկեղեցու սյուների մոտ փորվել են մոտավորապես 2 մետր խորություն ունեցող 3 փոսեր, որոնք եկեղեցին կանգնեցրել են փլուզման եզրին: 2011 թ. հոկտեմբերի 23-ին Մշակույթի և տուրիզմի նախարարության առաջարկով Նախարարների խորհուրդը որոշեց Գերմուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին և շրջակա տարածքը հայտարարել տուրիզմի զարգացման կենտրոն, սակայն հետագա 6 տարիների ընթացքում եկեղեցում կամ նրա շրջակայքում որևէ աշխատանք չի կատարվել:
Երբ հայերը տեղահանվեցին…
Հայտնի է, որ մինչ 1915 թ. Ուրֆայի շրջանի ամենամեծ գյուղ Գերմուշում գտնվող եկեղեցու հարևանությամբ մի դպրոց է եղել, որն ունեցել է 100-ից ավելի աշակերտ, իսկ գյուղի շրջակայքում գտնվել են հին վանական համալիրի մնացորդներ: Հայտնի է նաև, որ գյուղն ունեցել է 800 տուն բնակչություն: Եկեղեցին 1881 թ. Հակոբ Արդվիսյանի կողմից վերակառուցվել է, իսկ գյուղի շրջակայքում հնում եղել են Սուրբ Հովհաննեսի, Սուրբ Թադեոսի, Սուրբ Հակոբի ու Սուրբ Մինասի վանքերը: Բացի Գերմուշի եկեղեցուց՝ գյուղն ունեցել է ևս 2 եկեղեցի:
Սուրբ Աստվածածին եկեղեցին մինչ 1915 թ. եղել է ուղղափառ հայերի աղոթատեղին, 1915 թ. Ցեղասպանությունից հետո ավերակի է վերածվել:
1915 թ. հետո Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը գյուղը հանձնել է Համիդիյե գնդի հրամանատարներից Սյումեր փաշային: Այն այժմ գտնվում է Սյումեր փաշայի ժառանգորդների ձեռքում:
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Աղբյուրը՝ akunq.net