Բիթլիսի հայկական եկեղեցին թողնվել է բախտի քմահաճույքին

Կարմրակ Սուրբ  Նշան հայկական եկեղեցին անուշադրության է մատնվել, որի պատճատով քանդվել են եկեղեցու գմբեթն ու ներսի սյուները: Կիսատ են մնացել ժողովրդավար  շրջաններ կուսակցության կողմից քաղաքապետարանին ներկայացված եկեղեցու վերականգնման աշխատաքներն ու հոգաբարձուի նշանակման գործը: Բիթլիսի կենտրոնական Հերսան թաղամասի  Քուրուբուլաք փողոցում  գտնվող Կարմրակ Սուրբ Նշան հայկական եկեղեցու տարածքի սեփականատերը փոխվել է, սակայն եկեղեցու վիճակը նույնն է մնացել: 1921 թ. եկեղեցուն պատկանող տարածքը հանձնվել է տեղի  ծխախոտագործական ֆաբրիկային: Մինչ 1990-ական թթ. կանգուն են մնացել թե՛ եկեղեցին, թե՛ նրա գմբեթը,  սակայն հետագայում, անուշադրության մատնվելու հետևանքով,  նեսրի սյուները սկսել են քանդվել:  6 տարի առաջ էլ փլվել են 4 մետր բարձրություն ունեցող ուղղանկյունաձև եկեղեցու որմնանկարներով  սյուները:

Ժողովրդավար շրջաններ կուսակցությունից (ԴՇԿ) Բիթլիսի փոխքաղաքապետ նշանակված Հուսեին Օլանն ասել է, որ եկեղեցու վերականգնման աշխատանքներն սկսվել են, սակայն հոգաբարձու չնշանակվելու հետ մեկտեղ կիսատ են մնացել նաև վերականգնման աշխատանքները:

ԴՇԿ-ի կողմից քաղաքապետարանին ներկայացված նախաձեռնությունները արդյունք չեն տվել

Օլանը նշել է, որ դիմել  է Արևելյան Անատոլիայի զարգացման գործակալությանը (DAKA)  (այն պետք է եկեղեցու վերականգնման համար նախագիծ պատրաստեր)՝ եկեղեցու վերականգնման աշխատանքներն արագացնելու պահանջով: Բացի այդ՝ Օլանն այցելել է Թուրքիայի հայոց պատրարքություն ու հանդիպում է ունեցել արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Բայց երբ  հոգաբարձու նշանակելու գործը կիսատ մնաց, իսկ Օլանն էլ ձերբակալվեց, վերականգնման աշխատանքների ուղղությամբ ներդրված ջանքներն ապարդյուն անցան: Օլանը ձգտում էր եկեղեցին վերածել քաղաքային թանգարանի, սակայն դիմումի պատասխանը չստանալու պատճառով  եկեղեցին դեռ կմնա որպես աղոթատեղի:

Աշխատանքային մեքենաները կայանվում են եկեղեցու շրջակայքում

Եկեղեցու շրջակայքը քաղաքապետարանի աշխատակիցների ավտոկայանատեղին է դարձել, քաղաքապետարանին պատկանող տարբեր աշխատանքներ կատարելու համար նախատեսված  մեծ մեքենաները ևս կայանվում են եկեղեցու մոտ, որի պատերը ճաքած են ու գտնվում են ավերված վիճակում: Եկեղեցու բոլոր պատերը կառուցված են հարթ քարերով: Նրա երկու դռները գանձ որոնողների ու քանդումների պատճառով ջարդվել են, իսկ կանգուն մնացած դուռն էլ այնպիսի վիճակում է, որ վաղ թե ուշ կջարդվի։  Եկեղեցու մուտքի դռան ձախ կողմում գտնվող պատն էլ է մի կողմ  թեքվել և ամեն րոպե կարող է փլվել։ Եկեղեցու պատերին խփված բազմաթիվ մեխերն էլ ցույց են տալիս, թե ինչպես է ջնջվում եկեղեցու պատմությունը։

mezopotamyaajansi.com

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Աղբյուրը՝ Ակունք

Scroll Up