Դանիայում լույս է տեսել Կարեն Յեփփեի մասին պատմող գիրքը

Վերջերս Դանիայում լույս է տեսել դանիացի միսիոներ Կարեն Յեփփեի մասին պատմող գիրքը. «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Կանադայի «Հորիզոն» պարբերականը՝ հղում կատարելով դանիական «Bogvaegten» կայք-էջին:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ Յեփփին ներկայացրել են որպես «Հայերի դանիացի մայրը»: Դանիացի միսիոները 26 տարեկանում հայերի մասին դասախոսություն է լսել  և որոշել է ուսուցչություն անել հայ որբ մանուկների համար:

Յեփփեն մեկնում է Ուրֆա և միանում գերմանացի հոգևորական Յոհաննես Լեփսուսի անմիջական վերահսկողությամբ գործող որբանոց-դպրոցին:

Հայոց ցեղասպանությունից հետո գնում է Սիրիա, որտեղ հայ այրի կանանց համար ստեղծել է որբանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ ու աշխատասենյակներ, այնուհետև որպես Մերձավոր Արևելքում կանանց ու երեխաների պաշտապանության Հալեպի կոմիտեի տնօրեն՝ փորձել է է փրկել այդ տարածքում ապաստան գտած մոտ 2 հազար հայ կանանց ու երեխաների:

Կարեն Յեփփեն հնարավոր ամեն բան արել է, որպեսզի լավ հարաբերություններ հաստատվեն բեդվինների ու հայ գյուղացիների միջև, որի շնորհիվ Ռաքքայի շրջանում նրան հաջողվել է ստեղծել 6 հայկական գյուղական գաղթօջախներ, ինչպես օրինակ՝ ԹելԱրմեն, Թել Սամեն ու Չարփ Պետրոս և այլք:

Այսօր Կարեն Յեփփեի անունով է կոչվում Հալեպի առաջին հայկական բարձրագույն դպրոցը, որը բացվել է 1946 թվականին:

Scroll Up