Հրանտ Դինքի հիմնադրամը հրապարակել է թուրքական մամուլում ատելության դրսևորման մասին նոր զեկույցը. հայերը թիրախավորվել են 247 հրապարակման մեջ

Ստամբուլում գործող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հրապարակել է թուրքական մամուլում ատելության դրսևորումների մասին իր նոր զեկույցը: Ինչպես հաղորդում է  demokrathaber.org կայքը, ըստ հիմնադրամի դիտարկումների՝ վերջին ամիսներին ազգայնական մամուլի թիրախում ամենից շատ հայտնվել են հրեաներն ու սիրիացի ներգաղթյալները:

Զեկույցը փաստում է, որ 2017 թվականի մայիսից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում թուրքական մամուլում հրապարակվել է էթնիկ և կրոնական խմբերի դեմ ատելության դրսևորում պարունակող 1 910 լուր և հոդված, որոնց մեջ առկա է եղել ընդհանուր առմամբ ռասիստական ու ազգայնական բնույթի 2 466 արտահայտություն:

Դինքի հիմնադրամի՝ Մամուլում ատելության դրսևորումների մասին նախագծի աշխատանքային խմբի՝ Ֆունդա Թեքինի, Փընար Էնսարիի, Մերվե Նեբիօղլուի և Էզգի Քանի կողմից պատրաստված 146-էջանոց զեկույցում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ նման վիճակագրական պատկերի վրա իրենց ազդեցությունն են ունեցել այս ընթացքում տեղի ունեցած Կիպրոսի ժնևյան համաժողովը, թուրք-հունական ծովային ճգնաժամերը, Պարսից ծոցի երկրների կողմից Քաթարի շրջափակումը, Պաղեստինում եղած բախումները, Սրեբրենիցայի կոտորածում՝ Նիդերլանդների իշխանությունների մասամբ պատասխանատու լինելու մասին որոշումը, ռոհինջա մահմեդականների դեմ հարձակումները և օգոստոսի 29-ին Թուրքիայում նշվող Դումլուփընարի ճակատամարտում տարած հաղթանակի 95-ամյակը:

Ընդհանուր առմամբ այս ամիսների ընթացքում մամուլում հանդիպել է հրեաներին թիրախավորող 493 հրապարակում, 472 հրապարակման մեջ հեղինակները ատելության դրսևորումներ են ցուցաբերել սիրիացի ներգաղթյալների նկատմամբ, 256 հոդված կամ լուր բացասական շեշտադրումով անդրադարձել է հունաստանցի հույներին, հայերին թիրախավորել են 247 հրապարակման մեջ, ևս 212 հոդված կամ լուր ատելությամբ է խոսել Թուրքիայի հույների մասին:

Ամենից շատ ատելության դրսևորումները հանդիպել են թուրքական «Յենի Աքըթ», «Միլլի գազեթե», «Յենի մեսաժ», «Յենի Քոնյա», «Իսթիքլալ» և «Բուրսա սանջաք» պարբերականներում, գրում է tert.am-ը:

Scroll Up