Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը հիացրել է ռումին հանդիսատեսին

Ռումինական մի շարք առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են Իսպանիայում բնակվող լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանի (Ara Malikian)՝ նոյեմբերի 7-ին Բուխարեստի հռչակավոր Սալա Պալատուլուի (Sala Palatului) դահլիճում կայացած մենահամերգին, իսկ a1 հեռուստաընկերության «Բարի առավոտ» հաղորդումը համերգից մի քանի օր առաջ հյուրընկալել էր Մալիքյանին։

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, համերգը կրում էր «Ջութակի անհավատալի շրջագայություն» խորագիրը, ինչը նկարագրում է արտիստի կապը իր երաժշտական գործիքի հետ. ջութակը պատրաստում է իտալական Մոդենայի հմուտ վարպետներից մեկը, որը հասնում է մինչև Լիբանան, որտեղ երեքամյա Արան այն նվեր է ստանում հորից, նա էլ իր հորից, ինչը նրանց անբաժան է դարձնում և հիմք է դնում ժամանակի միջով և երաժշտության տարբեր ժանրերի համադրությամբ երաժշտական մի փառահեղ շրջագայության։ Վիրտուոզ կատարումներին զուգահեռ Մալիքյանը նույն վարպետությամբ մանրապատումների ձևով հանդիսականին է ներկայացնում իր և իր ընտանիքի կյանքի ուղին` Հայոց ցեղասպանությունից, որը վերապրել է արտիստի պապիկը, մինչև Լիբանանյան մանկություն ու պատանեկություն, այնուհետև ուսումնառություն և հաստատում Եվրոպայում: Դահլիճը երկարատև հոտնկայս ծափահարեց, երբ արտիստը կատարեց իր իսկ ստեղծագործությունը, որ նա գրել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով և նվիրել երեկվա և այսօրվա բոլոր զոհերին ու տառապյալներին:

Հիշեցնենք, որ ռումին հանդիսատեսը մեկ անգամ արդեն հասցրել էր հիանալ Մալիքյանի տաղանդով, երբ 2016 թ. մայիսի 27-ին Արա Մալիքյանը ելույթ ունեցավ Բուխարեստում՝ տպավորելով իր հրաշալի ստեղծագործություններով, որոնց թվում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «1915»-ը, Բախի ստեղծագործությունները, ռումինական ավանդական «Արտույտը» կամ Լեդ Զեփելինի «Քաշմիրը»։ Այդ ժամանակ Մալիքյանը գերել էր ռումին հանդիսատեսին ոչ միայն իր ոճով և մատուցմամբ, այլև այն խոստովանությամբ, որ նա շատ է սիրում ռումինական ավանդական երաժշտությունը. «Այն առանձնահատուկ է հատկապես ջութակահարների համար։ Շատ բուռն զգացումներ ունեցանք «Արտույտը» ներկայացնելիս, ու չգիտեմ՝ արդյո՞ք դա լավ ներկայացրինք, թե՞ ոչ», նշել էր Մալիքյանը։

Համերգի ընթացքում նշելով, որ լիբանանահայ է՝ Մալիքյանը ներկայացրել էր «1915»-ը և խոսել Ցեղասպանության մասին. «Այս ցեղասպանությունը մոռացված չէ։ Այն նույնիսկ ճանաչված չէ որոշ երկրների կողմից։ Դրա պատճառով է, որ դեռևս տեղի են ունենում նման ոճրագործություններ։ Սիրիայում տեղի է ունենում ցեղասպանություն, և ոչ ոք ոչինչ չի կարողանում անել»։

Հենց նախորդ տարվա համերգի ժամանակ էր Մալիքյանը խոստացել, որ կվերադառնա Բուխարեստ։

Նոյեմբերի 7-ի համերգից հետո Արա Մալիքյանը Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին և իրեն ողջունելու եկած հայերին խոստովանեց, որ փափագում է Հայաստան գալ համերգի և սպասում է այն  պահին, երբ դա կհաջողվի:

Սալա Պալատուլույում Մալիքյանին նվագակցում էին Ումբերտո Արմասը (Humberto Armas)` ջութակ, Հեկտոր Էլ Տուրկոն (Hector El Turco)` թմբուկ, Կրիստինա Լոպեսը (Cristina Lopez)` թավջութակ, Խորխե Գուիլեն Դել Կաստիյոն (Jorge Guillen Del Castillo)` ջութակ, Տանյա Բերնաես Աբադը (Tania Bernaez Abad)` կոնտրաբաս, Նանթա Կումարը (Nantha Kumar)` հնդկական թմբուկ, Տոնի Կարմոնան (Tony Carmona)` կիթառ։

Scroll Up