Մալաթիայում հատ-հատ ջնջվում են հայկական հետքերը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/11/մալաթիա.jpg)
Մալաթիայի՝ Հրանտ Դինքի ծնված ու մեծացած թաղամասում գտնվող պատմական ‹‹Taş Horon›› (Սուրբ Երրորդություն) եկեղեցին, 2012 թ. վերականգնման աշխատանքների կիսատ մնալուց հետո, ավերվել է: Բեյազ Ադըյամանը, ով տեղեկացրել է, որ քաղաքում գտնվող մյուս հայկական կառույցներն էլ կամ քանդվել են, կամ օգտագործվում են այլ նպատակներով, ասել է. ‹‹Մեր՝ հայերիս պատմությունը ոչնչացնելով՝ փորձում են ջնջել հասարակության հիշողությունը: Սա երբեք չենք ընդունի››:
18-րդ դարի երկրորդ կեսին հայերի կողմից կառուցված պատմական ‹‹Taş Horon›› (Սուրբ Երրորդություն) եկեղեցին լքված ու անխնամ մնալու պատճառով ներկայում գտնվում է փլուզված վիճակում: Եկեղեցին, որի գույքը բաժանվել է Մալաթիայի քաղաքապետարանի, Վաքըֆների գլխավոր տնօրինության և Ազգային անշարժ գույքի գլխավոր տնօրինության միջև, 2012 թ. սկսված վերականգնամն աշխատանքների կիսատ մնալու հետևանքով ավերվում է: Չնայած եղած արձագանքներին՝ վերականգնման աշխատանքներով զբաղվող ֆիրման, պատճառաբանելով, որ բավականաչափ ֆինանսավորում չկա, չի վերսկսում կիսատ թողած աշխատանքները:
Ինչո՞ւ է ավերվում պատմական հայկական եկեղեցին
Հայ քաղաքացի Բեյազ Ադըյամանը(43), ով հայտնում է, որ խնդրի վերաբերյալ Մշակույթի ու տուրիզմի նախարարությանը գրված բազմաթիվ խնդրագրերին պատասխան չի տրվել, հարցրել է. ‹‹Մալաթիայում գտնվող պատմական Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքները ինչո՞ւ են կասեցվել, դրանք ե՞րբ են վերսկսվելու››:
Բեյազը հայտնել է պատմական եկեղեցու ավերման մասին և ասել. ‹‹Մալաթիայի նման պատմական նշանակություն ունեցող մի քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը այնքան քիչ է, որ կարելի է ասել՝ գրեթե եկող չկա: Մալաթիայի մշակութային, սոցիալական և զբոսաշրջության զարգացման տեսակետից անհրաժեշտ է, որ իրավասու մարմինները ինչքան հնարավոր է շուտ շարունակեն վերականգնման՝ կիսատ թողնված աշխատանքները››:
Փորձում են մաքրել հասարակության հիշողությունը
Բեյազն, ով նշել է, որ հայերին պատկանող բազմաթիվ եկեղեցիների սեփականության իրավունքը փոխանցվել է հասարակությանը, ասել է, որ եկեղեցիների մեծ մասը վերածվել է այլ նպատակներով օգտագործվող վայրի: Նա մասնավորապես նշել է, որ հայ կաթոլիկ միսիոներների շենքը օգտագործվում է որպես առողջապահական կենտրոն, իսկ Սուրբ Հարություն եկեղեցին էլ՝ որպես աղոթավայր՝ ‹‹ Çınarlı Camii›› ( Չընարլը մզկիթ) անունով:
Հայկական գերեզմանոցների 95 տոկոսի ոչնչացված լինելը նշող Բեյազն ասել է. ‹‹Եթե ուզում եք վերացնել հասարակության հուշերը, հիշողությունը, անունը, ապա սկսեք պամության վերացումից: Մեր՝ հայերիս պատմությունը վերացնելով՝ փորձում են մաքրել հասարակության հիշողությունը: Մենք սա երբեք չենք ընդունի: Պատմությունը ոչնչացնելով՝ երկրի քաղաքակրթությունն ու մարդկանց միջև կապն էլ ենք վերացնում: Ինչքան հնարավոր է շուտ պետք է խոչընդոտ հանդիսանանք այս գործընթացին››:
Գյուլիսթան Ազաք
Թարգմանեց Անի Մելքոնյանը
http://akunq.net