Լուսանկար, որը դեռ երկար կջերմացնի մեզ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/11/հերացի.jpg)
Մեր կրթօջախում՝ «Հերացի» ավագ դպրոցում, մի բարի ավանդույթ կա. դպրոցական արձակուրդի օրերին սովորողներն այցելում են տարբեր կազմակերպություններ, ծանոթանում նրանց գործառույթներին, իրականացնում կամավորական գործունեություն։ Այս նախաձեռնությունը, որի հեղինակն, ի դեպ, մեր դպրոցի տնօրեն Ն. Սարգսյանն է, մեծապես նպաստում է աշակերտներիս մասնագիտական կողմնորոշմանը, քաղաքացիական ակտիվ դիրքորոշման ձևավորմանը։ Ի թիվս մեր դասարանի մյուս աշակերտների՝ ինձ բախտ վիճակվեց այցելելու Սփյուռքի նախարարություն, հանդիպել նախարարարության աշխատակիցների և անձամբ նախարար տիկին Հակոբյանի հետ, լսել «Հայաստան-Սփյուռք» գործակցության ուղղությամբ կատարված աշխատանքների մասին և լուսանկարվել տիկին նախարարի հետ։ Ես հասկացա, որ Հայաստանն ու Սփյուռքը իսկապես միասին են, և այս հարցում մեծ է նաև նախարարության դերը։ Իսկ երբ մասնակցեցի Ղազախստանի Պավլոդարի մարզի «Հայրենիք» հայկական ազգամշակութային միավորման հետ կազմակերպված տեսաժողովին, որի ընթացքում քննարկվեցին հայապահպանությանն առնչվող բազմաթիվ ծրագրեր, մի տեսակ թեթևություն իջավ սրտիս. ես հասկացա, որ հայրենիքից հեռու էլ մեր հայրենակիցները չեն կորցրել իրենց ազգային դիմագիծը, հավատարիմ են մնացել հայկական ինքնությանը, ավանդույթներին և այժմ լուրջ ձեռնարկներ են իրականացնում այդ ամենը պահելու ու պահպանելու համար։ Ես մեծ ոգևորությամբ լսեցի հայրենաճանաչության ամենամյա ծրագրերի, փառատոների, ամենատարբեր միջոցառումների մասին, որոնց հասցեատերը հիմնականում երիտասարդությունն է։ Հենց այդ պահին էլ ես և ընկերներս որոշեցինք բարեկամանալ
Պավլոդարի մարզի «Հայրենիք» ՀՄԿ-ի կիրակնօրյա դպրոցի սաների հետ և որպես առաջին քայլ՝ խոստացանք նրանց ուղարկել 2017 թ. ՍՆ «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկված Մխիթարյան միաբանության վերաբերյալ մեր կողմից պատրաստած տեղեկատվական նյութերի փաթեթը՝ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպելու համար։
Նախարարությունից հեռացանք ոգևորված և հայրենասիրական նոր լիցքեր ստացած։ Հպարտ էինք, որ աշխարհի բոլոր ծայրերում ապրող մեր հայրենակիցները հավաքվել են իրենց հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության շուրջը և համատեղ փորձում են հզորացնել այն։ Իսկ տիկին նախարարի հետ մեր լուսանկարը դեռ երկար կջերմացնի մեզ բոլորիս։
Հայրապետյան Էրիկ
ԵՐԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 109 դասարանի աշակերտ