Սիրիահայերի համար ելքեր են որոնվում

Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով Հայայստանում հայտնված մեծաթիվ սիրիահայերին առաջին հերթին ընդունեց և իր աջակցությունը հայտնեց Սփյուռքի նախարարությունը: Առաջնային խնդիրը կացարանով, անհրաժեշտ հագուստով, ապրելու այլ միջոցներով ապահովելն էր, ինչն էլ կյանքի կոչվեց՝ այսպես աջակցելով մեր հայրենակիցներին: Առաջին շրջանի անհապաղ միջոցառումների, էքստրեմալ իրավիճակներում կողմնորոշվելու գործընթացներին հաջորդելու եկան ծրագրային քայլեր իրականացնելու խնդիրները, որոնք էլ այսօր նախարարության համար ձեռք են բերել գործառութային նշանակություն: Իբրև սիրիահայերին Հայրենիքում պահելու, նրանց համար կենսական կարևորագույն խնդիրների լուծման նախաձեռնություն՝ հղացվեց Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքի մերձակայքում, «Նոր Հալեպ» բնակելի զանգվածի կառուցումը, որը, ըստ էության, Հայաստանում, հետխորհրդային շրջանում իրականացվող առաջին մեծամասշտաբ ծրագիրն է: Աշտարակի քաղաքապետարանը, հանդես բերելով մարդասիրություն և ըմբռնողականություն, անհատույց տրամադրեց ահռելի հողատարածք՝ հողի հատկացումը համարելով նվիրատվություն: Ժամանակակից, միջազգային չափորոշիչներին համապխատասխան բնակելի զանգված ունենալու համար իր պատրաստակամությունը հայտնեց Քաթարում բնակվող Թութունջյան ընտանիքը, որն էլ Ճարտարապետների համահայկական միության հետ նախագծեց բնակելի զանգվածը՝ դարձյալ սա համարելով մարդասիրության և բարեգթության արտահայտություն: 400-ից ավելի բնակարան և առանձնատուն ընդգրկող նախագիծը նախատեսել է ակումբ, մարզահրապարակ, բացվածքներ խանութների համար, նախակրթարան, անհրաժեշտության դեպքում՝ նաև դպրոց: Նախագծված են մեկ, երկու, երեք, չորս, հինգ ննջարաններ ունեցող բնակարաններ:

Սփյուռքի նախարարության ջանքերով, «Նոր Հալեպ» թաղամասում բնակարաններ ձեռք բերելու ցանկություն ունեցող սիրիահայերին աջակցելու, որոշակի ներդրումներ կատարելու նպատակով, հանգանակվել է մոտ 50 մլն դոլար, որն էլ հրաշալի մեկնարկ կլինի, սատարանք կլինի այն ընտանիքներին, որոնք ամբողջապես չեն կարողանա վճարել վարկերը: Նախարար Հրանուշ Հակոբյանի ցանկությունն, իհարկե, այն է, որ հնարավորություն լինի համահայկական հանգանակության շնորհիվ հասնել այն բանին, որպեսզի սիրիահայերը ոչինչ չվճարեն այս բնակարանների համար, այլ դրանք ստանան իբրև նվիրատվություն, սակայն հանգանակված միջոցները չնչին են: Նախարարությունը հաշվարկ է արել, որ եթե աշխարհում ապրող ամեն մի հայ ընտանիք ընդամենը տասը դոլար նվիրաբերի, հնարավոր կդառնա անվճար բնակարաններով ապահովել պատերազմի հետևանքով Հայաստանում հայտնված հայրենակիցներին: Նշենք, որ ներդրումներ են կատարել հայաստանյան մի շարք բանկեր և ընկերություններ, Ռուսաստանի հայերի միությունը:

Այժմ նախարարությունն աշխատանքներ է իրականացնում հայաստանյան Կենտրոնական և առևտրային բանկերի հետ, որպեսզի հնարավորինս ցածր տոկոսադրույքներով հատկացվեն հիփոթեքային վարկեր:

Մնում է հուսալ, որ Սփյուռքը, հայաստանյան և արտերկրի գործարարները շատ ավելի գործուն մասնակցություն ունենան նախաձեռնությանը և աջակցեն սիրիահայերին, որոնց միջոցով կարելի է հիմք դնել մեծ ներգաղթին:

Scroll Up