Հայկական չաթ-բոթեր՝ ծառայությունների կամ միջոցառումների մասին արագ տեղեկանալու համար
Ամբողջ աշխարհում լայն տարածում է գտնում չաթ-բոթ տեխնոլոգիան: Այն արհեստական ինտելեկտ ունեցող առցանց զրուցակից է, որը պատասխանում է օգտատիրոջ հարցերին, տրամադրում նրան անհրաժեշտ տեղեկատվությունը:
BrainBit-ը Հայաստանում միակ մասնագիտացված՝ չաթ-բոթեր գործարկող ընկերությունն է. մեկուկես տարվա ընթացքում այն ստեղծել է շուրջ 20 չաթ-բոթ, որոնց օգտատերի քանակը հասել է մի քանի հազարի: Ընկերությունը համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ, չաթ-բոթերի միջոցով օգտատերերին է փոխանցում դրանց ծառայությունների, ապրանքների մասին տեղեկատվությունն ու այլ տվյալներ:
PanARMENIAN.Net ի հետ զրույցում BrainBit-ի հիմնադիր Դավիթ Ղարիբյանն ասաց, որ իրենք երկու նպատակով են չաթ-բոթեր ստեղծում՝ կոմերցիոն և սոցիալական: «Մի քանի տասնյակ ընկերությունների համար մեր ստեղծած չաթ-բոթերը կցվել են սոցիալական ցանցերում նրանց հաշիվներին, որի միջոցով վերջիններս կազմակերպում են իրենց հաճախորդների հետ առցանց շփման զգալի մասը»,-ասում է Դավիթ Ղարիբյանը:
Նա հայտնեց նաև, որ չաթ-բոթերի միջոցով կարելի է ստեղծել smart city-ներ (խելացի քաղաքներ), ինչն օգտատերին հնարավորություն կտա արագ տեղեկատվություն ստանալ քաղաքի պատմամշակութային կամ ժամանցային որևէ վայրի մասին: «Մենք ստեղծել են չաթ-բոթեր ամբողջ Արագածոտնի մարզի համար, այժմ պատրաստվում ենք նաև «խելացի քաղաք» դարձնել Երևանը»,- ասաց Դավիթ Ղարիբյանը:
Ընկերության ղեկավարը հավելեց, որ որպես նոր զարգացող տեխնոլոգիական մշակույթ, չաթ-բոթերը կատարելագործման կարիք ունեն: Իսկ սարքավորումը վիրուսներից պաշտապանելու համար անհրաժեշտ է զգուշանալ անհայտ ծագում ունեցող բոտերից: