Տիգրան Մանսուրյանը արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի
ԱՊՀ երկրների մարդասիրական «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի հանձնման խորհուրդը հայտարարել է 2016 թվականի դափնեկիրներին: Բարձր պարգևին հավակնում էին 8 երկրից 12 թեկնածու: Ժյուրիի որոշմամբ «Համագործակցության աստղեր» մրցանակին արժանացել է ութ հավակնորդ, այդ թվում նաև ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Այս մասին հայտնում է ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի պաշտոնական կայքը:
«Համագործակցության աստղեր» ամենամյա մրցանակը տրվում է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, հումանիտար գործունեության ոլորտներում այնպիսի մեծագույն ձեռքբերումների ու ներդրումների համար, որոնք արվեստի գործերում ու ստեղծագործություններում առանձնակի դրսևորում կունենան և կնպաստեն ԱՊՀ տարածաշրջանում մշակույթի ու մշակութային ժառանգության ոլորտներում համագործակցության առաջընթացին: Մրցանակի չափն է 2 միլիոն ռուբլի:
Դափնեկիրների պարգևատրման արարողությունը կկայանա Մոսկվայում այս տարվա դեկտեմբերին: