«Հայապահպանություն` գոյատևման հիմնական ազդակ» խորագրով քննարկում Եվրոպահայերի 4-րդ համագումարում. տեսանյութ

Հոկտեմբերի 18-ին Բրյուսելի Հայ տանը կայացել է Եվրոպահայերի 4-րդ համագումարի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են Արցախի Նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանը, Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելին:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Լիբանանի «Ազդակ» օրաթերթին, հայտնում է, որ բացման հանդիսությունից հետո մեկնարկել է «Հայապահպանություն` գոյատևման հիմնական ազդակ» խորագրով առաջին կլոր սեղանը, որի զրուցավարն էր Համազգային կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, որը ընդհանուր գծերով ներկայացրեց Սփյուռքի կազմավորման պատմությունը, ապա խոսքը հանձնեց Մոնրեալի Ս. Հակոբ վարժարանի հայեցի դաստիարակության պատասխանատու Մհեր Կարագաշյանին, որը նշեց, որ հայեցի դաստիարակության հարցը կարևորվել է դեռևս Մեսրոպ Մաշտոցի օրերից:

Նա հայտնեց, որ Ցեղասպանությունից հետո մեր գլխավոր խնդիրը հայապահպանությունն էր, որի աշխատանքները իրագործեցինք Ցեղասպանության ճանապարհի վրա, սակայն Հայաստանի և Արցախի անկախությունը ցույց տվեց, որ այն ավելի լայն հիմքեր ունի: Նա նշեց հին ու նոր հարցեր. «Լեզո՞ւ, թե՞ ոգի», «պատկանելիության զգացո՞ւմ, թե՞ լիարժեք ինքնություն», «հայապահպանությո՞ն, թե՞ հայակերտում», «ինչպե՞ս սահմանել հայկականությունը, ո՞վ է հայը» «մայրենի լեզու չկա այլևս», «հայերենը տան լեզու կամ 2-րդ լեզու» և այլն:

Նշելով, վիրտուալ աշխարհի կարևորությունը, նա առաջարկեց մասնագիտական ուսումնասիրության վրա հիմնված համացանցային դպրոց ստեղծել՝ ազատելով քարեղեն դպրոցներ կառուցելու բեռից: Սահմաններ չունեցող Սփյուռքի համար աշխարհագրական սահմաններ չճանաչող այդպիսի դպրոցը կարող է շատ բան փոխել:

Փարիզի «Հրանտ Դինք» վարժարանի մանկավարժական բաժնի պատասխանատու Կարապետ Դաքեսյանն իր զեկույցի սկիզբում նշեց, որ իր խոսքը ենթակայական է և գիտական հիմքեր չունի: Անդրադառնալով Սփյուռք-Հայաստան հարաբերությունների ռազմավարական բնույթ ունենալու մասին հայտարարություններին՝ հարց տվեց, թե Սփյուռքը  դրան պատրա՞ստ է, Սփյուռքը պիտի ընդունի՞ ինքնանորոգման միջոցներ գտնել:

Դաքեսյանը ներկա իրավիճակը նկատեց աննախընթաց և ահազանգ հնչեցրեց առաջիկա 50 տարվա ընթացքում ինքնության կորստի վտանգի մասին:

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու Սփյուռք-Հայաստան կապերը որոշ չափով կմեղմացնեն այս ընթացքը, սակայն ճակատագիրը չեն փոխի, որովհետև Սփյուռքը արտադրանք չի տալիս:

Հունաստանի Հայ կապույտ խաչի Լևոն և Սոֆիա Հակոբյան Ազգային վարժարանի նախկին տնօրեն Միհրան Քյուրդօղլյանն ընդգծեց ազգային կառույցների և կազմակերպվածության կարևորությունը` ավելացնելով, որ պետությունը այդ ամենի գերագույն օրինակն է:

Նա նշեց, որ Սփյուռքը բազմաթիվ պատճառներով ներկայում սկսել է մաշվել, որոնց բոլորի հաղթահարումը մեր կարելիությունից վեր է, սակայն դրանցից երկուսը կարելի է լուծել: Սփյուռքը կորցրել է իր քաղաքական ջիղը և այդ պատճառով մատնված է անկազմակերպվածության: Քյուրդօղլյանն շեշտեց, որ անտեսեցինք համացանցը և չարիք նկատեցինք համաշխարհայնացումը, փոխանակ այն իբրև ամրապնդման միջոց օգտագործելու:

Scroll Up