Ստամբուլում առաջին անգամ նշվել է ՀՀ անկախության տարեդարձը

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ և պոլսահայ համայնքի աջակցությամբ Ստամբուլում առաջին անգամ տոնել են Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Տոնական միջոցառմանը մասնակցել են Հայաստանից ժամանած «Կադանս» անսամբլը և պոլսահայ «Մարալ» պարային համույթը։ Ներկա էին նաեւ Պոլսի պատիրաիրաքարանի հոգեւոր հայրերը, համայնքային գործիչներ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավորներ Սելինա Դողանը և Կարո Փայլանը։

Հայաստանի անկախությանը նվիրված «Կադանս» անսամբլի համերգը Ստամբուլում նախատեսված էր դեռևս անցյալ տարի՝ անկախության 25-րդ տարեդարձին: Կազմակերպական աշխատանքները, սակայն, այնքան ձգձգվեցին, որ համերգը կայացավ 26-րդ տարեդարձից հետո միայն:

Բացառիկ իրադարձություն. պատմության մեջ առաջին անգամ Ստամբուլում Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձը նշվեց, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց միջոցառման կազմակերպիչ, Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

Շատ ջերմ երեկո էր, բոլորը մեծ բավականություն ստացան: Ամենուրեք իշխում էր հայկական շունչը, անգամ ոգելից խմիչքներն էին հայկական՝ պատմում է զրուցակիցս:

Շատ պատասխանատու միջոցառում էր և անսպասելի էր բոլորի, այդ թվում հայության համար՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց «Կադանս» անսամբլի մենեջեր Նիկա Բաբայանը:

Թուրքական մամուլն այս միջոցառմանը չի անդրադարձել, թեև Արա Գոչունյանը չի բացառում, որ առաջիկայում կլինի: Միևնույն ժամանակ նշում է, որ նման ակնկալիք էլ չկար: Միջոցառման թիրախում ոչ թե թուրքական մամուլի արձագանքն էր, այլ դիվանագիտական և համայնքային հարաբերությունները:

 

Scroll Up