Խնձորեսկում ֆունիկուլյոր (ճոպանաքարշով ռելսուղի) կկառուցվի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/10/khndzoresk-bridge-3.jpg)
Խնձորեսկ գյուղում ֆունիկուլյոր (ճոպանաքարշով ռելսուղի) կկառուցվի: Ֆունիկուլյորի կառուցման սկզբնական փուլում ներդրումները կկազմեն 6.100.000 դոլար։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայությամբ, «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի և «Դոփփելմեյր Գարավենտա» խմբի (Doppelmayr Garaventa Group) վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳ» (Garaventa AG) շվեյցարական ընկերության միջև պայմանագիր է ստորագրվել։
Այս նպատակով հոկտեմբերի 6-8-ը Հայաստանում էին «Գարավենտա ԱԳ» ընկերության մարքեթինգի և վաճառքների մասով նախագահ Ֆիլիպ Բիները և վաճառքների գծով տնօրեն Թոմաս Կուրտը:
Պայամանագրով նախատեսվում է Խնձորեսկ գյուղում, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի ծրագրի զարգացման շրջանակներում, «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի կողմից ֆունիկուլյորի կառուցում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարևորել է պայմանագրի ստորագրումը և ծրագրի իրականացումը Սյունիքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման և գրավչության բարձրացման համատեքստում, ասվում է նախարարության մամուլի ասուլիսում:
Ֆունիկուլյորը ճոպանաքարշով ռելսուղի է, որը նախատեսված է կտրուկ վերելքով ուղևորների և բեռների փոխադրման համար։ Կիրառվում է քաղաքներում, առողջարանային կենտրոններում, ինչպես նաև լեռնային շրջաններում, արդյունաբերական ձեռնարկություններում։ Ֆունիկուլյորը կարող է լինել մեկ կամ երկու վագոններով (առավել տարածված)։ Ռելսուղին միալար է, մեջտեղում՝ ուղեբաժանքով։