Անթիլիասում՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համաժողովն ունենալու է համահայկական ընդգրկվածություն. Շահան Գանտահարյան

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը համահայկական հնչեղությամբ նշելու նպատակով  2018 թվականի ապրիլին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ծրագրում է Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված համաժողով անցկացնել, որին կմասնակցեն գիտնականներ, պետական և հասարակական գործիչներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և աշխարհի տարբեր երկրներից: Այդ նպատակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ ստեղծվել է հանձնաժողով, որի անդամներն են սփյուռքահայ անվանի մտավորական, պատմաբան Երվանդ Փամբուկյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ՀՅԴ-ի Հարավային Ամերիկայի պատասխանատու, Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր Ղուկասյանը և Անթիլիասի դիվանապետ Խաչիկ Դեդեյանը։

«Արամ Առաջինի նախագահությամբ Հանձնաժողովն իր առաջին նիստը կգումարի նոյեմբերին, որի ընթացքում կհստակեցվեն ընդհանուր ուղղվածությունները, թեմաներն ու զեկուցողները»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հանձնախմբի անդամ Շահան Գանտահարյանը և հավելեց, որ շատ կարևոր է, որ համահայկական ընդգրկվածություն ունենա համաժողովը, որովհետև Հայաստանի Առաջին Հանրապետության գործիչներ Նիկոլ Աղբալյանը, Լևոն Շանթը, Սիմոն Վրացյանը, Կարո Սասունին Անկախության անկումից հետո հանգրվանել են Լիբանանում, որտեղ և շարունակել են իրենց հասարակական գործունեությունը։

Շահան Գանտահարյանը զրույցի ընթացքում շեշտեց նաև, որ Անթիլիասում կայանալիք համաժողովը կդառնա Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը համահայկական ձևաչափով նշելու ընդհանուր մթնոլորտի մի մասնիկը նաև այն պատճառով, որ Լիբանանը և այս դեպքում՝ Անթիլիասը, ունեն համասփյուռքյան նշանակություն։

«Մայիս 28-ի խորհուրդը և անկախ հանրապետություն վերակերտելու գաղափարախոսությունը սերունդների կազմավորման և կրթադաստիարկչական աշխատանքների առանցքն են հանդիսացել։

Համաժողովի ընթացքում կներկայացվեն պատմաքաղաքական նյութեր, այժմեական հնչեղություն ունեցող խնդիրներ, պետականության վերականգնման և ամրացման հիմնախնդիրները քննարկող զեկույցներ, ինչպես նաև մայիսյան գաղափարախոսությամբ Սփյուռքի քաղաքական մտածողության ձևավորման գործընթացի կայացման՝ տարիներ երկարող աշխատանքների հանրագումարային պատկերը»,- խոսքը եզրափակեց Շահան Գանտահարյանը։

Scroll Up