Կկայանա Պետրոս Դուրյանի նորակառույց դամբարանի բացման արարողությունը
Հոկտեմբերի 7-ին Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանատանը կայանալու է արևմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանի նորակառույց դամբարանի բացման արարողությունը: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ դամբարանի մտահղացման հեղինակը Դավիթ Այնալին է, Նախագիծն իրականցվել է Պոլսի Հայ ճարտարապետների և ճարտաևագետների «ՀայՃար» միության մասնակցությամբ: Աշխատանքները ֆինանսավորել են ֆրանսաբնակ եղբայրներ Հրաչ-Անուշավան և Հակոբ Քրմզյանները: Դամբարանի երեսին քանդակված է Դուրյանի «Իմ մահը» բանաստեղծությունը:
«Մենք շատ հարուստ անցյալ ունենք, որը պետք է պահպանենք: Այս քայլով մենք ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել վաղամեռիկ բանաստեղծին և սերունդներին փոխանցել Դուրյանի պես մարդկանց հիշատակը վառ պահելու գաղափարը», -«Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշել է Հրաչ-Անուշավան Քրմզյանը:
Հավելենք, որ Հրաչ-Անուշավան և Հակոբ Քրմզյանների հովանավորությամբ կառուցվել է նաև պոլսահայ հայտնի ճարտարապետներ Պալյանների ընտանեկան գերեզմանակոթողը, որի բացումը կատարվել է մեկ տարի առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերի 1-ին։