Տավուշի մարզի Բերդի 3-րդ մանկապարտեզը հիմնովին վերանորոգվել ու կահավորվել է ՀՕՖ-ի միջոցով

Այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզի Բերդի 3-րդ մանկապարտեզի պաշտոնական բացումը, որին ներկա են եղելՀայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը։ Այս մասին հայտնում են ՀՕՖ-ի լրատվական ծառայությունից։

«Սա գեղեցիկ նվեր է մեր մանուկների ու նախակրթարանի ողջ անձնակազմի համար, քանի որ մենք բոլորս մեծ անհամբերությամբ էինք սպասում այս օրվան», – նշել է մանկապարտեզի տնօրեն Լուսինե Ավալյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով բարերարներ Տեր և Տիկին Մարդիգյաններին և ՀՕՖ-ի ղեկավարներին։

Բերդի 3-րդ մանկապարտեզի ավելի քան 35 տարվա հնության անմխիթար վիճակում գտնվող շինությունը հիմնովին վերանորոգվել ու մասնակի կահավորվել է ՀՕՖ-ի միջոցով «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում։

Մոտ չորս ամիս տևած շինարարական աշխատանքների արդյունքում վերանորոգվել է և բարեկարգվել են երեխաների սենյակները, ճաշարանը, խոհանոցը, ամբողջությամբ փոխվել է հատակը, ինչպես նաև դռներն ու պատուհանները, վարչական հատվածը և այլն։ Մանկապարտեզը համալրվել է նաև նոր սարքավորումներով և մասնակի կահավորմամբ։

ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը (ԱՀՏՄ) մեկնարկել է 2013թ։ Ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի 16 համայնքներում կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական զարգացմանը։ Ծրագրի աջակիցն ու հովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է։

Scroll Up