Ժողովրդական մարդը. Գևորգ Գանտահարյան

Հեռակա զրույց լիբանանահայ նշանավոր մանկավարժ, երաժիշտ-խմբավար, մշակութային և հանրային գործիչ Գևորգ Գանտահարյանի հետ՝ նրա վախճանի 11-րդ տարելիցի առիթով: Զրույցը կազմված է «Գէորգ Գանտահարեան՝ ամէնուն ուսուցիչը» գրքում զետեղված նյութերի հիման վրա (Երևան, 2011)

– Ընկեր Գանտահարյան, հայտնի է, որ Ձեր շրջապատում բոլորը՝ Ձեր սաները, գործընկերները, անգամ՝ կաթողիկոսները սովորաբար, որպես հարգանքի և մեծարանքի արտահայտություն, Ձեզ պարոն էին ասում։ Ոչի՞նչ, եթե ես նույնպես այդ ավանդույթին դիմեմ։

– Այո, այդպես էր։ Խնդրեմ, ինչպէս կը հաճիք։

– Շնորհակալություն։ Եվ այսպես, պարոն Գանտահարյան, ասում են՝ մարդուկյանքը ոչ թեապրած տարիներով պետք է   չափելայլ կատարածգործերով։Ցավոք, Ձեր երկրային կյանքը երկար չտևեց. ծնվել եք 1925թ., Դամասկոսում, երկրային կյանքին հրաժեշտ տվել 2006-ին, Բեյրութում։ Ո՞րն է Ձեր ապրած 81 տարվա գլխավոր չափորոշիչը։

 – Վստահաբար՝ աշխատանքը։ Առանց քրտինքի, առանց տքնութեան կարելի չէ նուաճում կատարել։ Աշխատանքը ո՜չ միայն մեր ինքութեան արտաբերումն է գործին ընթացքին, այլ ազնուական մակարդակի կը հասցնէ մարդ արարածը։ Ծուլութիւնը մայր է ամենայն չարութեանց։ Մեռելնե՜րը միայն չեն աշխատիր, հետեւաբար եթէ մենք չենք ուզեր ողջ մեռելներու վերածուիլ, էովին պիտի հրաժարինք ծուլութենէ։ Այլ խօսքով՝ հողին տակ անշարժ ողջեր կան հերոս նահատակ անունով, հողի մակերեսին շարժող երկոտանի մեռեալներ։ Աշխատանքը կեանքի գրաւականն է, իսկ ծուլութիւնը՝ մահուան։

-Ձեր կյանքի փորձից ելնելով, ասացեք, խնդրեմ, թեկուզ ընդհանուր գծերով ՝ ո՞րն է  մարդկային կյանքի խորհուրդը։

– Խորհուրդ մըն է մարդկային կեանքը. ցաւով լոյս աշխարհ կը մտնենք եւ ցաւով մահուան խաւարին մէջ կը թաղուինք։ Ինչ որ սակայն ցաւագոյնն է, ծնունդէն մահ թաւալող տարիներու ընթացքին մէջ ապրած կեանքն է։ Որովհետեւ երեք պարագային ալ մեր ազատ կամքը բացակայ է։ Կարճ՝ մեր կամքով չենք ծնիր, մեր կամքով չենք մեռնիր, բայց մանաւանդ մեր կամքով չենք ապրիր, որովհետեւ արտաքին պայմաններու, պահանջքներու բեռան տակ կը յարմարինք շրջապատին ու կը փորձենք վարել մեր կեանքը ըստ անոնց։ Քիչերուն, շատ քիչերուն, ընտրեալներուն միայն տրուած կ’ըլլայ շնորհքը պայքարելու այս դժբախտ կացութեան դէմ, ըլլալու ինքնզինքին հաւատարիմ, պահելու մարդու հարազատ պատկերը եւ այդ պատկերով ներկայանալու շրջապատին։ Այդպիսիներ կ’ունենան իրենց ներքին ճշմարտութիւնը, որուն շողերով կը փորձեն լուսաւորել մարդոց հոգիները եւ երջանկացնել մարդկային ընկերութիւնը։

-Դուք ծնվել, մեծացել եք Հայոց ցեղասպանությունից մազապուրծ այնթապցի գաղթականների վերընձյուղված օջախում և ողջ գիտակցական կյանքում, Ձեր ժամանակակիցների վկայությամբ, մշտապես հավատարիմ եք մնացել Ձեր ծնողներից ժառանգած հայ կոչվելու իրավունքին։ Ձեր կարծիքով, ծնունդով հայ լինելը միայն գենետի՞կ իրողություն է, թե՞ կոչում, որ պարտավորեցնում է ընդմիշտ լինել և ապրել այդպիսին։

– Հայ կոչուիլը, հայու զաւակ ըլլալը եւ հայօրէն ապրիլը տարբեր հասկացութիւններ են։ Որքան եան մականունը կրող հայեր կան, որոնք սակայն երբեք մաս չեն կազմեր հայութեան։ Անունով միայն հայեր են։ Հայօրէն ապրելու համար հայ ազգին պատկանած ըլլալու խորունկ գիտակցութեան եւ հպարտութեան տէր պէտք է ըլլայ մէկը։ Ինչպէս որ անձը անհատականութեան վերածուելու համար իր ինքնութեան զատորոշիչ ստորոգելիներու տէր պէտք է ըլլայ, այնպէս ալ ազգ մը իր առանձնայատկութիւններով անկախ իր տեղը պէտք է ունենայ ազգերու ընտանիքին մէջ։ Ծաղկաստանի մէջ ծաղիկ մը իր առանձին բոյրով ու գոյնով։ Արդ ինչպէ՞ս կարելի է ապրիլ հայօրէն։ Կը պատասխանեմ անմիջապէս. հաւատարիմ մնալով հայոց պատմութեան յաւերժական երթ ապահովող հիմնական արժէքներուն։

-Պարոն Գանտահարյան, Ձեր գերդաստանը մեկն է Հայոց մեծ եղեռնը վերապրած և աշխարհի չորս ծայրերը սփռված, այսպիսով իսկ՝ հայրենազուրկ դարձած բազում հայ ընտանիքներից։ Մեծ թվով հայեր, ինչպես որ Ձեր նախնիք, ապաստան են գտել հյուրընկալ արաբական երկրներում։ Բայց որքան էլ ապահով լինի այդ ապաստանը, այնուամենայնիվ, Դուք և Ձեր ժառանգները, փաստորեն, զրկված եք նախնյաց հողում՝ Արևմտյան Հայաստանում, կոնկրետ Դուք ու Ձեր զավակները՝ Այնթապում ապրելու բնականոն իրավունքից ու կարելիությունից։ Եվ այդպես՝ սերնդե սերունդ։ Հայրենի հողի Ձեր բնորոշումը, խնդրում եմ։ 

– Հայրենիքը հողի տարածք չէ միայն, լեռ ու ձոր, դաշտ ու գետ։ Այդ հողատարածքը նուիրականացած է մեր պապերուն քրտիքով ու արիւնով։ Հողին խառնուած ամէն մի աճիւն, նիւթեղէն այդ բնութիւնը հոգեղէն իսկութեան վերածած է, ու մենք հայրենիք հասկացութեամբ հողին ներքեւ հանգչող մեր բոլոր հերոսներէն, սուրբերէն, նահատակներէն, ստեղծագործ հանճարներէն ճառագայթող լոյսով ողողած ենք մեր հոգիները, ու ամէն անգամ որ վտանգ հասնի հողային տարածքին, մենք՝ ողջերս, մեր մեռելները պաշտպանելու համար պատրաստ կը դառնանք մեր կեանքը վճարելու։ Հայրենիքը աշխարհագրական տարածք մը չէ։ Անիկա դարերով յիշատակներ ծրարած, արիւն-քրտինք ամբարած, ստեղծագործ հանճարի հոյակերտումներով գեղեցկացած, հոգեղինացած, նուիրականացած, սրբագործուած խորհուրդ խորին է, որուն համար բոլոր սերունդները վճարած են իրենց է՜ն թանկագինը՝ Աւարայրէն մինչեւ Սարդարապատ, Ղարաքիլիսէ, Բաշ-Ապարան։

– Ավարտելով Անթիլիասի դպրեվանքը, որը բոլոր Հայրապետների կողմից կոչված է Կաթողիկոսության սիրտ, Ձեր հետագա ողջ կյանքը կապել եք հոգևորև աշխարհիկ գործիչների պատրաստման այդ  վաստակաշատ կրթօջախի հետ։ Թույլ տվեք հիշեցնել Արամ Ա Վեհափառի բարձր գնահատանքը, որ նա տվել է 2010թ. Ձեր 80-ամյա հոբելյանի առիթով. ՙԴպրեվանքի 75 տարիներու կեանքին ու առաքելութեան մեջ դուք 50 տարիներ եղաք մնայուն ու նուիրեալ ներկայություն՚։ Համաժամանակ, որպես հայտնի հասարակական գործիչ, հանրային-մշակութային կյանքի խոշորագույն դեմքերից մեկը, մշտապես մաս եք կազմել Մեծի Տանն Կիլիկիո Ս. Աթոռի Լիբանանի թեմի Քաղաքական ժողովին, Ուսումնական խորհրդին, Ազգային ընդհանուր ժողովին։ Դարձյալ՝ Վեհափառի բնորոշմամբ ասած՝ որպես ՙԿաթողիկոսարանէն ներս եղած անվեղար միաբան՚, անմնացորդ նվիրումով մասնակցել եք կաթողիկոսության բոլոր ձեռնարկումներին։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ խորհուրդ է պարունակում հայքրիստոնյա ավելի քան 1700-ամյա զուգակցությունը։ 

– Հայաստանեայց եկեղեցին ամէնէն ամուր կռուաններէն մէկն է մեր ազգի յաւերժութեան։ Հայ-քրիստոնեայ զուգակցութիւնը, իբրեւ ներդաշնակ բաղադրութիւն հայ գօյութեան՝ հաստատ համոզում է մեր ժողովուրդին մէջ։ Այնքան սերտօրէն առնչուած, ընդելուզուած կը տեսնենք ազգ-եկեղեցի հասկացութիւնները, հայ եկեղեցին Աստուծոյ տունը ըլլալու կողքին, է՜ նաեւ ազգին տունը։ Հայ եկեղեցւոյ քրիստոնէութեան յաւիտենական ճշմարտութիւններու հայացած օրրան է հայ եկեղեցին։ Դարերու ընթացքին նորակերպ զարդարեալ, բարոյական առաքինութիւններու շտեմարան։ Քաղաքական իշխանութեանց բացակայութեան ժողովուրդին տիրութիւն ըրած հեղինակութիւն։ Հայաստանեայց եկեղեցին այնքան սերտօրէն առնչուած է հայ ժորովուրդի պատմութեան, որ երկուքը  եղած են մէկ մարմին։ Ահա թէ ինչո՞ւ, անկախ զուտ կրօնական բնոյթէն, եւ  նոյնքան ազգային բնոյթով հաստատութիւն, որուն մէն մի քարը գաղտնի ճամբայ մը ունի, որ կը տանի ո՜չ միայն Աստուծոյ արքայութեան, այլ նաեւ հայոց հայրենիքին։

Ինչ կը վերաբերի Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Դպրեվանքին, ապա կը կրկնեմ, ինչ ըսած եմ Դպրեվանքի հիմնադրման 75-ամեակին առիթով՝ Թեհրանի եւ Թաւրիզի մէջ, 2005-ին կազմակերպուած հանդիսութեանց ընթացքին. Անթլիասի Դպրեվանքը պիտի դառնար դարբնոցը Մարդու եւ Հայու կազմաւորման, այլ բացատրութեամբ՝ նուիրական օճախ մարդակերտումի եւ հայակերտումի։ Երեք քառորդ դարու ընթացքին Դպրեվանքը հայ ազգին նուիրած է 4 կաթողիկոս՝ Զարեհ Ա., Խորէն Ա., Գարեգին Բ. եւ Արամ Ա., որոնց օրօք  բախտ  վիճակուած է ինծի ծառայել հայ եկեղեցւոյ եւ հայ դպրութեան, ապա՝ 35 եպիսկոպոս,  80 կուսակրօն քահանայ,  շուրջ 200 ամուսնացեալ քահանայ եւ 300 աշխարհական ուսուցիչներ, դպրապետներ, մտաւորականներ, հասարակական գործիչներ, նուիրեալ ծառաներ հայ մշակոյթի եւ կրթութեան։ Սխալած կըլլա՞նք արդեօք, կատարելով հետեւեալ հաստատումը. ՙԱռանց Դպրեվանքի ներդրումին, մեր ազգային կեանքը կարեւոր չափով պիտի աղքատանար՚։

– Ձեր ողջ գիտակցական կյանքում եղել եք Հայ Յեղափոխական Դաշնակցության նվիրյալ անդամներից մեկը՝ անձնուրաց մաս կազմելով կուսակցության ազգապահպան և հայրենաշեն գործունեությանը։ Այսօր էլ սերունդների հիշողության մեջ Դուք մնում եք այդպիսին՝ որպես անմոռաց կուսակցական գործիչ։ Ի՞նչ կմաղթեիք ՀՅԴ մերօրյա նորագիրներին։

– Դաշնակցակա՞ն կ’ուզենք ձեւանալ, թէ՞ դաշնակցական կ’ուզենք ըլլալ։ Դաշնակցութեան անդամ ըլլալը կայական բնոյթ չունի, այլ լինելային։ Այս իմաստով ով որ անդամ ըլլալէ ետք գոհանայ յայտարարելով, թէ դաշնակցական է, չարաչար կը սխալի եւ կէս ճամբէն կը նահանջէ ուխտադրուժ դառնալով։  Ամէն օր դաշնակցական տիպարը իրագործելու ձգտումը պէտք է ընկերը մղէ մտածելու, գործելու, որպէսզի նման բարոյական տիպարներու կազմակերպութեան վերածուի Դաշնակցութիւնը եւ այդ զոհաբերութեան պատրաստ ասպետական փաղանգով ապահովուի անհատ մարդու քաղաքացիական ազատութիւնը եւ հայ ժողովուրդի անկախ պետականութեամբ ինքնզինք իրագործելու, արժանի տեղ գրաւելով մարդկային ընտանիքին մեջ։

– 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայում սկիզբ առած Հայոց ցեղասպանությունը, որպես ազգային մեծագույն ողբերգություն, ահա արդեն մեկ դարուց ավելի է, ինչ սերնդե-սերունդ անդարմանելի վիշտ ու ցավ է դարձած մեր ժողովրդի համար։ Չնայած համայն հայության հետևողական ջանքերին, միջազգային հանրությունը տակավին դժվարանոււմ է միաձայն ճանաչել ու դատապարտել մարդկության դեմ ուղղված այդ զանգվածային եղեռնագործությունը։ Ձեր կարծիքով՝ ինչու՞մ է կայանում Հայ դատի խորհուրդը, առաջին հերթին՝ մեր ժողովրդի համար։

– Ապրիլեան մեր մէկուկէս միլիոն նահատակները, ճիշդ է, որ մեր հոգիները կը լեցնեն խորունկ թախիծով եւ սուգով, բայց զգացական դիմաւորում մը՝ լացով ու սուգով, յիշատակի հանդիսութիւններով, ոչինչ  կրնայ փոխել մեր ազգային իրավիճակէն, եթէ մենք ահաւոր այդ Եղեռնը չդիմագրաւենք քաղաքական մտածողութեամբ։ Սերունդներու պարտականութիւնն է յիշել իրենց մեռելները՝ շարունակելու համար յաւերժական երթը իրենց ցեղին եւ չկոտրելու համար թելը՝ անցեալին ու ներկային։ Բայց հոն կանգ առնելը անբաւարար է, եթէ սերունդները կատարուած ցեղասպանութիւնը համայն աշխարհին յիշեցնելու պարտքին յանձնառու դերակատարներ չըլլան։ Չարիքը մոռնալը նախատինք է հայութեան, բայց զայն ուրիշներուն չյիշեցնելը՝ աւելի մեծ ամօթ…։ Հետեւաբար, ազգային գիտակցութիւնը, քաղաքականութիւնը, հասուն մտածողութիւնը հրամայական անհրաժեշտութեան առջեւ կը դնեն հայութիւնը՝ մէկտեղելու իր բոլոր կարելիութիւններն ու ուժերը՝ ի սպաս Հայ դատին։ Ով որ կը գիտակցի պատմական այդ ճշմարտութեան, ով որ անկեղծ տագնապ կ’ապրի՝ հայուն դառն ճատագրին, ով որ կ’ուզէ իրագործուած տեսնել մեր հողային պահանջները, եւ ով որ կ’ուզէ երախտագէտ զգացումով յարգել յիշատակը մէկուկէս միլիոն նահատակներուն, պարտաւոր է հայու աչքերով նայիլ, հայու պէս, մաքուր եւ սրտցաւ, երբ հայը այդպէս նայած է այլ ազգերու զաւակներու աչքին։ Ուժեղանալ իրարմով, այս է կտակը ապրիլեան մեր նահատակներուն։

-Դուք մշտապես մտասևեռ կհետևեիք Արցախում տեղի ունեցող ազգային-ազատագրական պայքարի և արցախահայության դեմ հարևան Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքին։ Թեկուզ տակավին միջազգայնորեն չճանաչված, բայց արդեն քառորդ դարից ավելի է, ինչ Արցախը հաղթականորեն կերտում, ամրապնդում, կատարելագործում է իր անկախ, ինքնիշխան պետականությունը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ խորհուրդ ունի Արցախի պայքարը յուրաքանչյուր հայի համար։

– Աստուած բախտ վիճակեց ինծի ըլլալու ազատագրուած Արցախ։ Հրաշալի ապրումներ էին Շուշիի Ս. Ամենափրկիչ եկեղեցւոյ մէջ լիբանանահայ մօտիկ բարեկամներու հետ մեր աղօթքի, խոկումի պահերը։ Այնտեղ խոր զգացողութիւն եւ համոզում ունեցանք, որ մեկնարկած է մեր ժողովուրդի զարգացման, յարատեւման եւ մեր դարաւոր երազներու իրականացման ճանապարհի կարեւորագոյն եւ անկիւնադարձային հանգրուանը։

Արցախը Միացեալ Հայաստանի վերականգնման կարեւորագույն հանգրուանն է։ Արցախը նաեւ մեր ժողովուրդի հոգեշարժն է, մեր գիտակցական զարթօնքի ամենահզօր կռուանը, որուն հանդէպ պէտք է գուրգուրալ եւ ընել հնարաւոր ամէն ինչ զայն պահպանելու, անվտանգ ու խաղաղ։ Արցախէն կը սկսի մեր վաղուան հզօր ու ամբողջական հայրենիքի վերակերտումը։ Ուստի, ամէն հայու պարտքն է ազատագրել Ղարաբաղը, որուն հողը ոռոգուած է մեր հայրերու մաքուր արիւնով, այնքան առատ, որքան Կասպից ծովու քարիւղը։ Ճիշդ է, քաղաքական աշխարհը այսօր մեր արեան եւ ազըրպէյճանական քարիւղը սակարկութեան  դրած է. չենք գիտեր ի՞նչ լուծում կը ստանայ հարցը, բայց հայութիւնը վճռած է. իր պապերու հողէն թիզ մը իսկ չզիջիլ  ու պայքարը շարունակել մինչեւ վերջին շունչ։

– Անթիլիասի դպրեվանքում, ապա և զուգահեռաբար՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում և ՙՀամազգայինի՚ Հայագիտական հիմնարկում Դուք երկար տարիներ դասավանդել եք հայ մատենագրություն, հայ հին գրականության պատմություն, գրաբար, հայ երաժշտության պատմություն և այլ առարկաներ։ Ինչպես վկայում են Ձեր ժամանակակիցները՝ շատ հաճախ Դուք ինքներդ եք հավաքել անհրաժեշտ բոլոր նյութերը, դասընթացներ ու ձեռնարկներ շարադրել սաների և աշակերտների համար։ Չէ՞ք ափսոսում, որ այդ շարադրանքներն ու մշակումներն ամբողջությամբ չեն պահպանվել։ Պատկերացնու՞մ եք՝ դրանց հազիվ մի քանի նմուշներ են, որ զետեղված են Ձեր կյանքին ու գործին նվիրված գրքում։ Բացի այդ, Դուք կարող էիք հարուստ հուշերի և տպավորությունների հետաքրքրական գիրք գրել։ Բայց, ավաղ…

– Դժբախտաբար յուշեր չեմ գրած. չեմ պահած նաեւ ուսումնասիրութիւններ երաժշտագիտական, շարականագիտական, մատենագրական։ Կը կարծեմ սակայն, որ այն, ինչ որ ունեցած եմ իբրեւ իմացականութիւն, մինչեւ վերջին գիրը, տառը, խորհուրդը փոխանցած եմ աշակերտներուս եւ ուսանողներուս։ Անմնացորդ ծառայած եմ հայ գիրին, գրականութեան, երաժշտութեան։ Յոյս ունիմ, որ այն, ինչ որ չեմ ըրած, աշակերտներս եւ ուսանողներս կ՜ամբողջացնեն իբրեւ յուշ, վկայութիւն, տպաւորութիւն։ Ինչպէս որ կ՜ընեն արդէն…

– Մանկավարժական գործունեությանը զուգահեռ՝ Դուք տասնյակ տարիներ զբաղվել եք երաժշտական-խմբավարական գործունեությամբ: Հիմնադրել եք մի շարք բազմաձայն երգչախմբեր՝ «Զվարթնոց», «Կոմիտաս», «Կանաչյան», «Հոբելյանական»: Անգամ մի շրջանում ստանձնել եք «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցի տնօրենի պաշտոնը: Ձեր կարծիքով՝ որպես արվեստ, որպես մշակութային բաղադրիչ՝ ի՞նչ տեղ ու դեր ունի երաժշտությունը հայ ժողովրդի կյանքում:

– Երաժշտությունը հայ ժողովուրդի ամէնէն բարձր արուեստներէն մեկն է։ Պետք է գիտնալ, որ եթէ երբեք հայ ճարտարապետութիւնը, մանրանկարչութիւնը կրնան միջազգային մակարդակի վրայ մեզի վարկ ապահովել, անցեալին արդէն Կոմիտասի ճամբով եւ Կոմիտասի գործունէութեամբ հայ երաժշտութիւնը ինքնզինք պարտադրած էր օտարներուն՝ արեւելեան երաժշտական աշխարհին մէջ իր եզակի ազնուականութեամբ, խորութեամբ, լոյսով մը նոր աշխարհ բացած էին արեւմտեան աշխարհին։ Հայկական երգը հայ ժողովուրդի հոգիին ամէնէն անմիջական բխումը եւ ամէնէն հարազատ արտայայտութիւնն է։ Կը հաւատամ, որ սփիւռքեան մեր պայմաններուն մէջ հայեցի ինքնութեան պահպանման համար այլ ազդակներու կողքին հիմնականներէն մէկն է հայ երգը, որ մարդկային ձայնով հրամցուած անմիջական եւ խոր թափանցում մը կ’ունենայ հոգիներէն ներս՝ աւելի ամրացնելով զանոնք հայ արժէքներուն կառչած մնալու գիտակցութեան եւ հաւատքին մէջ։ Երգը շատ աւելի խորունկ անցեալէն կու գայ, շատ աւելի հարազատ արձագանգով կը հասնի մեզի, քան խօսքը: Կոմիտասն է ըսողը՝ ՙԵրբեմն իրա՜ւ երգ մը հազար ճառ արժէ՚։

– Պարո´ն Գանտահարյան, վերջին հարցս. ինչպիսի՞ն եք տեսնում հայ ժողովրդի վաղվա օրը: Արդյոք կիրականանա՞ Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի վերականգնման ու վերաշինման մեր նվիրական երազանքը: Դուք հավատո՞ւմ եք այդ երանելի ապագային:

– Կը հաւատամ, եւ ինծի հետ կը հաւատան բոլոր հայորդիները, որ պիտի գայ այդ օրը, ուշ կամ կանուխ, երբ վերջ պիտի գտնեն սփիւռքեան մեր կայանները, եւ պիտի չմնան Այնթապցի կամ Մարաշցի, Տէոօրթ-Եոլցի կամ Այնճարցի, Ատանացի կամ Ուրֆացի, այլ մենք պիտի դառնանք Երեւան ու Վան, Օձուն ու Սասուն, Թալին ու Կարին, Մուշ, Արածանի, Ախուրեան, Անի, Արագած ու Մասիս, Արաքս ու Տիգրիս, եւ ամբողջացած հայրենիքի մէջ, ամբողջացած հայութեամբ, այս ազնիւ ու պաշտամունքի արժանի ազգը դարձեալ պիտի ստեղծագործէ՝ դառնալով մեծ բարիք համայն մարդկութեան քաղաքակրթութեան։ Անպայման պիտի գայ երջանիկ այդ օրը, որքան ատեն որ յոյսը չէ մարած հոգիներուն մէջ եւ պայքարելու կամքը չէ տկարացած։ Այն ատեն, պանդխտութեան ցուպը մէկդի նետելով եւ օտարութեան փոշին թոթափելով, հայ ժողովուրդը պիտի վերադառնայ իր պապերուն երկիրը եւ դարձեալ իր հանճարով պիտի ստեղծէ հրաշակերտ կոթողներ, նոր Զուարթնոցներ եւ Հռիփսիմէներ։ Դարձեալ մշակներու բերնէն պիտի լսուի հայ հոգիի ջինջ ակունքէն բխող հորովելներ եւ հայորդիներու փաղանգը իր քրտինքով ու արիւնով դարձեալ պիտի շաղախէ մեր հողերը, մեր սուրբ հողերը, անոնց ընդերքներէն ունկնդրելով Արդարութեան եւ Ազատութեան անլռելի ղօղանջները։

– Պարոն ԳանտահարյանՁեր մաղթանքուղերձը հայ ժողովրդին։

– Ուխտենք պայծառ պահել մեր եկեղեցին։ Ուխտենք հզօր պահել մեր հայրենիքը։ Ուխտենք ազատագրուած Ղարաբաղը իր լրումին հասցնել։ Ուխտենք թշնամուն կրունկներուն տառապող մեր հայրերու աճիւններու վրայ նոր հայրենիք կերտել՝ հայութեամբ բնակուած։

– Խորապես շնորհակալ եմ Ձեզպարոն Գանտահարյան,  զրույցի համար։ Ինձ համար անչափ հաճելի ևառավելապես,իմաստնալից էր այս հեռակահանդիպումն ու   հաղորդակցությունը Մեծ հայի հետ։ Աստծո լույսն իջնե Ձեր  հոգունՄայր հայրենիքում՝ Երևանի գերեզմանատանը   հանգրվանած Ձեր շիրմին։

 – Աստուած պահապան Ձեզ եւ Աստուծոյ զօրակցութիւնը մեր ողջ ժողովուրդին։

Զրույցը վարեց Միքայել Հաջյանը

Սեպտեմբեր, 2017թ

http://aparaj.am

Scroll Up