Լուսահոգի Աղան Արք. Պալեոզյանի հիշատակին Ավստրալիայում կանգնեցվել է հայկական խաչքար

Ապրիլի 14-ին Սիդնեյի Ուիլըբի քաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանի նորակառույց «Concourse» համալիրի բացօթյա այգում, տեղադրվել է հայկական խաչքար. կատարվել է հանդիսավոր բացում և խաչքարի օրհնություն:           Իբրև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ, Աղան Արք. Պալեոզյանի 37 երկարամյա տարիների արդյունավետ գործունեության, հայ համայնքի բարի համբավին և տեղական իշխանությունների հետ ունեցած բարիդրացիական հարաբերություններին ուղղված գնահատանք՝ քաղաքապետարանի կողմից (քաղաքապետ՝ Փաթ Ռայել) հայ համայնքը արժանացավ այս բացառիկ պարգևին:

Խաչքարը Ավստրալիա է փոխադրվել Հայաստանից (քանդակագործ՝ Վարազդատ Համբարձումյան): Բացման և օրհնության արարողությունը հանդիսապետել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպս. Նաջարյանը քաղաքապետի հետ միասին:

Հանդիսությանը ներկա էին պետական պաշտոնյաներ, Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմական և ծխական խորհրդի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հարյուրավոր հայորդիներ և այլ հյուրեր:

Ապրիլի 23-ի երեկոյան նույն վայրում՝ «Concourse» սրահի ներսում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո, որի ավարտին խաչքարի առջև Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոսի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն:

Խաչքարի զետեղումը մեծ ոգևորություն պարգևեց ավստրալահայությանը՝ հույսով, որ ապագայում այն կծառայի ոչ միայն որպես հայկական քանդակագործության յուրօրինակ հուշակոթող հայ և օտար այցելուների համար, այլև կդառնա աղոթքի վայր՝ հիշատակելու 1915 թ. ապրիլյան եղեռնի զոհերին, ինչպես նաև կդառնա այլ ազգային-եկեղեցական հիշատակի և տոն օրերի նշանավորման վայր:

                                                                                                                                                                                                                                                                Դիվան Առաջնորդարանի        

unnamed (8) unnamed (10) unnamed (9)

Scroll Up