Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն Շվեյցարիայում

Դեկտեմբերի 7-ին Շվեյցարիայում` Ժնևի հայկական կենտրոնում, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Շվեյցարահայ միության, ՀԲԸՄ շվեյցարական մասնաճյուղի, «Թոփալյան» հիմնադրամի, ԿԱԶԱ և մի շարք այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվեց Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո, որին մասնակցեցին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչները, հասարակական և մշակութային գործիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառումը մեկնարկեց Գուսան վարդապետ Ալճանյանի` երկրաշարժի նահատակների համար աղոթքով:
Շվեյցարահայ միության և ԿԱԶԱ կազմակերպության ներկայացուցիչները միջոցառման մասնակիցներին ծանոթացրին ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ու տուժածների օգնությանն ուղղված իրենց գործունեությանը:
Ելույթով հանդես եկավ դեսպան Ազնավուրը, ով մասնավորապես նշեց, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում տեսել է բազմաթիվ արհավիրքներ, բայց դրանք երբևէ չեն կարողացել կոտրել նրա կամքը, այլ ընդհակառակը` մեկ անգամ ևս ի ցույց են դրել հայ ժողովրդի համախմբվելու, ոտքի կանգնելու և առաջ շարժվելու կարողությունը:
Միջոցառման ընթացքում երգչուհի Լիլիթ Սարդարյանը Վարդան Սարդարյանի նվագակցությամբ ներկայացրեց հայ երգարվեստի մի շարք կոթողներ: Երեկոն շարունակվեց Ժնևի «Արաքս» երգչախմբի կատարումներով:
Միջոցառման շրջանակներում ցուցադրվեցին ռեժիսոր Լևոն Մինասյանի` կործանիչ երկրաշարժի առաջին օրերին նկարահանված վավերագրական «Lux Aeterna», ինչպես նաև «Դաշնամուր» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերը:
Դեկտեմբերի 8-ին Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի:
Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: