Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը լույս է տեսել անգլերեն

Ամերիկյան հեղինակավոր Յեյլ Յունիվերսիթի պրես (Yale University Press), հրատարակչությունը լույս է ընծայել  Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը անգլերեն թարգմանությամբ, որի պաշտոնական թողարկումը հայտարարված է առաջիկա հոկտեմբերի 24-ին (Varujan Vosganian.The Book of Whispers, Yale University Press, 2017, 360էջ):

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ վեպը ռումիներենից թարգմանել է Ալիսթար Յան Բլիսը (Alistair Ian Blyth): «Շշուկների մատյանը» լույս է տեսել Yale University Press հրատարակչության Margellos Republic of Letters սերիայով, որով հրատարակվում են արդի կարևոր գրողների գործեր, որոնք դեռեւս թարգմանված չեն անգլերեն լեզվով:

«Շշուկների մատյան» վեպը դարձել է միջազգային երեւույթ»,- ասվում է հրատարակչի կողմից վեպի անգլերեն տարբերակի ծանուցման տեքստում, որից ստորեւ մի հատված:

«Դա Հայոց ցեղասպանության սահմռկեցուցիչ պատումն է այն վերապրողների ու նրանց ժառանգների կողմից, ովքեր հրաժարվում են մոռանալ:

Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում սանձազերծված զանգվածային կոտորածների վերապրածների թոռ Վարուժան Ոսկանյանը մեծացել է Ռումինիայում` միշտ հիշելով ականատես վկաների ահասարսուռ պատմությունները անգութ կոտորածների, հրո ճարակ դարձած գյուղերի ու զանգվածային տեղահանումների մասին: Հայ ժողովրդի անպատկերացնելի ողբերգության այս հուզիչ ժամանակագրության ելեւջումներում հեղինակը իրական դեպքերը կերպափոխում է գեղարվեստի լեզվի` իր պատումը խարսխելով ականատեսների վկայությունների եւ  պատմական վավերաթղթերի ատաղձին:

Սիրիական անապատներում ծվարած փախստականների ճամբարներից մինչեւ ռուսական տունդրա ու ռումինական գյուղեր, գիրքը վավերագրում է անհատների ճակատագրերը` խեղված գաղափարական ու ավտորիտար բռնաճնշումների աքցաններում: Եվ այդուհանդերձ, այս վեպը պատմում է մարդկային առավել լայն չափումների մասին: Վերհանելով 20-րդ դարը ցնցած մեծագույն տառապանքների խճանկարը` համաշխարհային պատերազմներ, համակենտրոնացման ճամբարներ, եղբայրական գերեզմաններ, պետականազրկություն և այլն, այս գիրքը պատկանում է բոլոր այն ժողովուրդներին, ում ձայնը կորսվել է: Բովանդակելով վավերական կշռույթ և հուզաթաթավ հավաստարժանություն, Ոսկանյանի ստեղծագործությունը դարձել է միջազգային երևույթ»: (https://yalebooks.yale.edu/book/9780300223460/book-whispers):

Ի դեպ, մի քանի օր առաջ, սեպտեմբերի 23-24-ին, Վարուժան Ոսկանյանը, որպես հատուկ հրավիրյալ, իր նշանավոր վեպը ներկայացրեց Լեհաստանի «Զիգմունտ Հաուպտ» (Zygmunt Haupt) գրական փառատոնում: Դրանից առաջ, սեպտեմբերի 16-ին, հեղինակի մասնակցությամբ վեպի շուրջ քննարկում էր ծավալվել Բեռլին/Պոտսդամում կազմակերպված «Անցյալ և ներկա. Եվրոպական մոտեցումը Հայոց ցեղասպանությանը» միջազգային կոնֆերանսի շրջանակներում:

Scroll Up