Պետք է ամեն գնով պահպանել հայկական դպրոցը

Օգոստոսի 22-ին Թեհրանի Հ.Մ. «Սիփան» միության կողմից կազմակերպվել էր կլոր սեղան` «Հայկական դպրոց և առկա մտահոգություններ» թեմայով:
Կլոր սեղանին մասնակցում էին վաստակաշատ ուսուցիչներ` Աշոտ Սինանին, Նորվանն ու Արմեն Հայրապետյանը:
Ներկա էին Ի. Ի. Խ. Հյուսիսային Իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, Թ.Հ.Թ. Պատգամավորական ժողովի և Թեմական Խորհրդի ատենապետները, «Ալիք» օրաթերթի և «Հույս» երկշաբաթաթերթի խմբագիրները, որոնք ևս արտահայտվեցին և շեշտեցին հարցերի կարևորությունը:
Բացման խոսքով հանդես եկավ «Սասուն» քաղաքամասի պատգամավոր, Թ.Հ.Թ. Պատգամավորական ժողովի դիվանի անդամ և վաստակաշատ ուսուցիչ Արմեն Հայրապետյանը:
Վերջինիս իր ելույթում մասնավորապես շեշտեց, որ հանդիպման առիթն ու դրդապատճառը տարիների ընթացքում զարգացած ու այսօր օրհասական դարձած հայկական դպրոցների պարպվելու և որպես փաստացի երևույթ՝ ոչ հայկական դպրոց հաճախող աշակերտների թվի աճի խնդրին լուծում տալն է:
Պատգամավորական ժողովի դիվանի անունից արտահայտվելով՝ նա շեշտեց, որ Պատգամավորական ժողովն իր վերջին նիստերի ընթացքում օրակարգ է դարձրել հայոց դպրոցների միջնակարգ օղակի վերականգնման ու պահպանման հարցը: Նշվեց, որ որպես վիրտուալ առումով շփվելու միջոց՝ կազմվել է telegram-ի խումբ, որին անդամակցում են առավել քան 400 ծնողներ, և իրենց ընձեռնած առիթը օգտագործելով՝ բարձրաձայնել են իրենց զավակների ոչ հայկական դպրոց արձանագրվելու փաստը, մեծամասնությունը պահանջելով, որ ազգային իշխանությունը ելքեր գտնի, որպեսզի իրենց զավակներին հայկական դպրոց վերադարձնեն:
Կլոր սեղանին մասնակցող վաստակաշատ ուսուցիչ Աշոտ Սինասնին իր ելույթում պատմական ակնարկ կատարեց գաղթօջախներում հայկական դպրոցների կարևոր դերի, սերունդների հայեցի դաստիարակության, հայապահպանման ու ազգի նկարագրի ստեղծման մասին:
Հերթը փոխանցվեց կլոր սեղանի երրորդ մասնակցին, վաստակաշատ ուսուցիչ Նորվանին: Նորվանը հանդիպման էր բերել 2010 թվականին «Ալիք» օրաթերթում տպագրված իր հոդվածը, որը իր տեսակետն էր պարունակում դպրոցների և համայնքի խնդիրների շուրջ:
«Մենք անտես շղթաներով կառչած ենք մնացել անցյալին և դեռ ապրում ենք անցյալի չգիտես ինչ փառքով ու հովով: Այն ինչ, անցյալը պատմության գիրկն անցավ: Պետք է իրատեսորեն գնահատել ներկան և իրադարձությունները ու համապատասխան լուծումներ գտնել: Այո´, ժամանակին համայնքը մեծ է եղել և դպրոցներն ու հաստատությունները կառուցվել են ժամանակի բնակչության աշակերտության թվաքանակին համապատասխան, սակայն այսօր համայնքը նոսրացել է, դպրոցները թափուր են դարձել և առավել քան երբևէ անհրաժեշտ է մեկտեղել և միավորել այն»: Առավել կարևորությամբ նշեց, որ կամք և բյուջե է պետք՝ այս ամենն իրականացնելու համարե:
Եղան արտահայտվողներ, որոնք առաջնահերթաբար կարևորեցին այսօր փակամն եզրին հասած հայոց ազգային Սողոմոնյան դպրոցի պահպանման հարցը, իսկ որպես երկարատև ծրագիր՝ պատկան պատասխանատուներից սպասվում էր, որ հստակ ծրագիր մշակեն ոչ հայկական դպրոց հաճախող աշակերտությանը դեպի հայկական դպրոց վերադարձնելու:
Աղբյուրը՝ www.sipanorg.org