Պերճ Զեյթունցյանը Հայրենիքն ու Սփյուռքը կամրջող նվիրյալներից մեկն էր. Հրանուշ Հակոբյան

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ, ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

Սիրելի´ տիկին Լիլի, սիրելի´ Զառա,

Խոր ցավ զգացի՝ ստանալով մեր թանկ, անփոխարինելի, շատ սիրելի Պերճ Զեյթունցյանի մահվան լուրը:

Կան մարդիկ, ովքեր արժեք են ոչ միայն իրենց ընտանիքի, այլև ողջ հայ ժողովրդի համար, ովքեր իրենց իմաստավոր ներկայությամբ շունչ, ոգի, գույն են հաղորդում միջավայրին, գեղեցիկի, վեհի, բարձրի զգացողություն հաղորդում: Ինձ համար Պերճ Զեյրթունցյանը ճիշտ այդպիսին էր, Մարդու անզուգական օրինակ, հրաշալի մտավորական, սուր և անաչառ հրապարակախոս, գրող, դրամատուրգ, համեստ, ազնիվ, վեհանձն…

Պերճ Զեյթունցյանը Հայրենիքն ու Սփյուռքը կամրջող նվիրյալներից մեկն էր, որ իր ազգային նկարագրով ու հոգեկերտվածքով, հայ գրականության, հայկական դրամատուրգայի զարգացման գործում ունեցած մեծ ավանդով ընդունվեց ու դարձավ հավիտենական ներկայություն:

Նրա ստեղծագործություններում յուրովի են մեկնաբանված հայ մարդու ճակատագիրը, ցավն ու տառապանքը, հաղթանակներն ու վերելքները: Նրա «Արշակ Երկրորդ», «Վերջին արևագալը», «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը. Խոր վիրապ», «Աստվածների կանչը» և այլ գործեր իրենց մնայուն տեղն ունեն հայ գրականության անդաստանում:

Պերճ Զեյթունցյանն առաջինն էր, որ իրական կյանքը դարձրեց գեղարվեստական նյութ: Նա ձեռք մեկնեց Հայոց ցեղասպանության թեմային այն ժամանակ, երբ արգելված էր դրա մասին խոսելը՝ ի դեմս իր գլխավոր հերոսի, որի կերպարը ապշելու աստիճանի իրական կերտվածք էր ստացել Զեյթունցյանի հզոր գրչի շնորհիվ և դարձել յուրաքանչյուր հայի պաշտամունքի առարկան:

Ես այն երջանիկներից եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել նրա հետ, լինել նրա ժամանակակիցը, լսել նրա իմաստուն խոսքն ու խորհուրդը:

Ծանր է հաշտվել այն մտքի հետ, որ հեռացավ հայ գրականության նահապետը, հսկան և տաղանդավոր մարդը: Նրա ֆիզիկական բացակայությունն այսօր ցավ է պատճառում մեզ, բայց նա մշտապես կապրի մեր սրտերում, իսկ անունը կձգվի դեպի հավիտենություն՝ հայոց պատմության հետ միասին:

Անասելի կորստի դժվարագույն այս պահին կիսում եմ Ձեր վիշտը և մաղթում ուժ, համբերություն:

Ափսո՜ս, հազա՜ր ափսոս…

Հրանուշ Հակոբյան

Scroll Up