Հայկական խոհանոցը՝ Ֆինլանդիայի սրտում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/08/ֆինլանդիա1-300x225.jpg)
Օգոստոսի 20-ին ֆինլանդաբնակ հայերի համար առանձնահատուկ օր էր. առաջին անգամ հայկական ճաշատեսակները ներկայացվեցին «Ռեստորանի օր» փառատոնի շրջանակներում։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է «Ֆինլանդիա-Հայաստան միության» փոխնախագահ Մարինե Դանոյանը, «Ռեստորանի օր»-ը Ֆինլանդիայում տարին 4 անգամ անցկացվող և մեծ համբավ ունեցող փառատոն է, յուրաքանչյուրը կարող է 1 օրով բացել բացօթյա ռեստորան և վաճառել իր պատրաստած կերակրատեսակները։ Թեպետ հայկական համայնքի կողմից մասնակցելու ցանկությունն արդեն վաղուց կար, սակայն պահը կարծես հասունացավ հենց այս անգամ, և մեր հայրենակիցներից շատ շատերը ցանկություն հայտնեցին միասին մասնակցել այս միջոցառմանը` «Ճաշակեք Հայաստանը» միասնական տաղավարի ներքո։
Վաղ առավոտից Հելսինկիի Բուլևարդի պուրակում արդեն ծածանվում էր հայկական եռագույնը, իսկ մեր հայրենակիցները տաղավարի սեղանը զարդարում էին հայկական տարատեսակ կերակրատեսակներով։ Դեռ չէին հասցրել ամեն ինչ ներկայացնել, արդեն տաղավարի մոտ մի մեծ բազմութուն էր հավաքվել։ Բոլորը շտապում էին համտեսել մեր տոլման, հարիսան, սմբուկով խավիարը, հայկական լավաշը, գաթան, մեղրով կարկանդակը և էլի շատ-շատ համեղ կերակրատեսակներ։
Տիրում էր աննկարագրելի եռուզեռ, և այցելուների թիվը գնալով ավելանում էր։ Ամեն ինչ վաճառվեց շատ-շատ արագ, իսկ գովեստի խոսքերը չէին դադարում։ Շուտով հայտնի դարձավ, որ հայկական տաղավարը համացանցում ներառվել է այս միջոցառման լավագույն տաղավարների հնգյակի մեջ: Ֆինլանդիայի հայ համայնքի համար սա մեծ ձեռքբերում էր, որը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ համախմբվելով՝ մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել:
Ինչպես նշեց միջոցառման կազմակերպիչ Մարիամ Նուրմինենը, վաճառքից ստացած հասույթը կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ գյուղերի կարիքավոր ընտանիքներին: