Դիարբեքիրի հայկական Սբ. Կիրակոս եկեղեցին շարունակում է փակված մնալ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/08/kirakos.jpg)
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում գտնվող հայկական Սբ. Կիրակոս եկեղեցին, որը պետության կողմից փակվել էր 2015-ին այդ շրջանում տեղի ունեցած թուրք-քրդական լուրջ բախումների ժամանակ, շարունակում է փակված մնալ:
Այս մասին, հայտնում է «Ակօս» պարբերականը:
2015-ից մինչ օրս եկեղեցին շարունակում է շրջափակված մնալ և հայերը չեն կարողանում մուտք գործել եկեղեցի և աղոթել:
Համայնքի որոշ ներկայացուցիչներ կարողացել են մուտք գործել Սբ Կիրակոս և պարզել են, որ եկեղեցում գտնվող իրերը վնասված են, մյուսներն էլ սկսել են վնասվել:
Բախումների ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգությունների և գնդակոծությունների հետևանքով վնասվել են նաև եկեղեցու պարիսպները:
Թուրքիայի հայկական համայնքի ներկայացուցիչները հայտնել են, որ այլևս չեն ցանկանում սպասել և պահանջում են ապահովել եկեղեցի ազատ մուտք ու ելքի պայմանները:
Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու շուրջ ներկայումս դատավարություններ են ընթանում:
Պետությունը Սբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամին խոստացել է վերականգնել բախումների ժամանակ եկեղեցուն հասցրած վնասը և վերակառուցել նույն հիմնադրամին պատկանող Սբ Սարգիս եկեղեցին: