Սահմանամերձ համայնքի ավանդական դարձած փառատոնը

Oգոստոսի 12-13-ը ավանդական դարձած «Մեղրի և հատապտուղների փառատոն 2017»-ն արդեն 6-րդ անգամ կազմակերպվեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորան ազգային պարկում: Փառատոնի շրջանակներում ներկայացված էր մեղրի և մեղրամթերքի տարբեր տեսականի, հատապտուղներ և այլ բնամթերքներ, որոնք հյուրասիրվում ու վաճառվում էին: Փառատոնը ուրախ ու հետաքրքիր էին դարձնում երգ ու պարի ճանաչված  կատարողները և խմբերը:

«Առաջին անգամ փառատոնը կազմակերպվել է  2012 թվականին, և բարեբախտաբար, արդեն 6-րդ անգամ ենք անցկացնում: Փառատոնի նպատակն է զարգացնել Տավուշի տարածաշրջանի տնտեսական, սոցիալական ու մշակութային ենթակառուցվածքների գործունեությունը: Անցած տարվա անհատ մասնակիցներն այսօր արդեն դարձել են կազմակերպություններ:  Ամեն տարի մասնակիցների թիվն ավելանում է՝ նաև ներգրավելով երիտասարդներին: Այս փառատոնում մի քանի բաղադրիչ կա՝ մեղրարտադրությունը, հատապտուղների վերամշակումը, խոհանոցը, արվեստներն ու արհեստները: Սպասե´նք հաջորդ տարվա փառատոնին»,- ասաց «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամ»-ի նախագահ Հայկ Չոբանյանը:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ –ի նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ իրենք ամեն տարի անշահախնդիր աջակցում են փառատոնին և օգնում կազմակերպիչներին. «Տարեցտարի զգում ենք, թե ինչպես են տեղաբնակները փառատոնն իրենցը դարձնում և  անհամբեր սպասում: Իմ կարծիքով հարկավոր է պետական մասշտաբի ուշադրություն դարձնել այս միջոցառմանը: Կցանկանայի, որ ավելի շատ պետական պաշտոնյաներ ներկա գտնվեին: Բերդը մեր շարքային քաղաքներից չէ, այն սահմանապահ քաղաք է»,-հավելեց Սեդրակ Մամուլյանը:

Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան նաև այցելելու Բերդի պատմության և կենցաղի թանգարան, հաղորդակից դարձան հայկական հնադարյան պատմությանը:

«Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանը հիմնադրվել է 1981 թվականին և գտնվում է Բերդ քաղաքից փոքր-ինչ հեռու՝ բարձրադիր ու գեղատեսիլ վայրում, «Սորան» կոչվող զբոսայգու հարևանությամբ։ Այստեղ ցուցադրված է շրջանի տարածքի տարբեր դարաշրջանների ցուցանմուշներ, վերջին 100-150 տարվա պատմություն ունեցող կենցաղային առարկաներ, նաև Բերդի ժամանակակից ստեղծագործողների գործեր: Թանգարանի տարածքում գտել ենք հնադարյան իրեր, կարծում եմ՝ անհրաժեշտ է կատարել պեղումներ»,- նշեց թանգարանի տնօրեն (ֆոնդապահ) Արթուր Երկանյանը, որն անձամբ է ձեռնամուխ եղել  վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներին:

Մանվել Կիրակոսյան

Scroll Up