Ավարտվեց «Միասնության ուժ» ուսանողական-երիտասարդական հավաքը

Պոլիտեխնիկի, ՀՀ և ԼՂՀ բարձրագույն ուսումնական այլ հաստատությունների ուսանողները, արդեն երկրորդ անգամ, օգոստոսի 2-8-ը Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում մասնակցեցին «Միասնության ուժ» երիտասարդական-ուսանողական հավաքին:  Հավաքը կազմակերպվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ջանքերով:

«Միասնության ուժ» ուսանողական-երիտասարդական հավաքը ՀՀ և ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և այլ կառույցների երիտասարդ ուսանողներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն մասնակցել մշակութային, ինտելեկտուալ և մարզական մրցույթների, այլև ընկերական մթնոլորտում ծանոթանալ, շփվել տարեկիցների հետ:  «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» նախաձեռնության շրջանակում այս անգամ հավաքը մեկ հարկի տակ է համախմբել ինտելեկտուալ երիտասարդներին՝ ցույց տալով «ԱԶԳ-ԲԱՆԱԿ»-ի միասնության ուժը:

«Հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսի ներքո այս տարի նույնպես շուրջ 210 երիտասարդ մրցեցին 3 ճակատներում, որոնք անվանակոչվել են Արցախյան և Քառօրյա պատկերազմի պոլիտեխնիկցի հերոսներ Կարոտ Մկրտչյանի(Կարմիր ճակատ), Կարեն Ներսիսյանի(Կապույտ ճակատ) և Արամ Աբրահամյանի(Ծիրանագույն ճակատ) անուններով:

Հավաքի պաշտոնական բացմանը ներկա էին Կարոտ Մկրտչյանի, Կարեն Ներսիսիյանի և Արամ Աբրահամյանի ընտանիքի անդամները, հարազատները, Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ, հավաքի տնօրեն Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։ Հրավիրված էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ-ի Հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչ ուսանողական խորհուրդների նախագահներ:

Բացման արարողությունից հետո երիտասարդները ճաշեցին և քննարկումներ ունեցան բարձրաստիճան հյուրերի հետ։

Հավաքի երրորդ օրը ճամբարականներին այցելեց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Ողջունելով ճամբարի մասնակիցներին` պաշտպանության նախարարը կարևորեց նման հավաքների նշանակությունը և հորդորեց ազատ ժամանակն օգտագործել հայրենաճանաչողության ու լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու համար:

Հանդիպման ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարը ներկայացրեց «Ազգ-բանակ» գաղափարախոսության հիմնադրույթները, անդրադարձավ զինվորական ծառայության նոր պայմաններ առաջարկող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին:

Նախարարը ներկա գտնվեց նաև ճամբարականների ցուցադրական խաղերին, լսեց Արցախյան ազատամարտի և «Քառօրյա պատերազմի» հերոսներ  Կարոտ Մկրտչյանի, Կարեն Ներսիսյանի և Արամ Աբրահամյանի անունները կրող ճակատների անդամների հեղինակած նոր երգը և պատասխանեց ուսանողների բազմաբնույթ հարցերին:

Հավաքի վեց օրերի ընթացքում ճամբարականները մրցեցին 15 մարզաձևերում, սովորեցին ռազմահայրենասիրական երգեր և պարեր։

Այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղի է ունեցավ հավաքի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ հաղթող է ճանաչվել Կարոտ Մկրտչյանի անունը կրող «Կարմիրներ» ճակատը։

«Միասնության ուժ» ուսանողական, երիտասարդական, ռազմահայրենասիրական առաջին հավաքը անցկացվել է 2016 թվականի օգոստոսի 8-11-ը:

Scroll Up