Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Օտտավային անհապաղ դադարեցնել Բաքվին զենքի վաճառքը
Կանադայի Հայ դատի հանձնախումբն իր վրդովմունքն է հայտնել՝ տեղեկանալով, որ Կանադայի կառավարությունը թույլ է տվել Տորոնտոյում գտնվող զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող «INKAS Armored Vehicle Manufacturing» ընկերությանը՝ բարձրտեխնոլոգիական ռազմական տեխնիկա արտահանել Ադրբեջան:
Այս մասին հաղորդում է «Ասպարեզ»-ը:
Կանադայի միջազգային առևտրի հարցերով նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնին ուղղված նամակում Հայ դատնի հանձնախումբը կոչ է արել երկրի կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի տրամադրումն Ադրբեջանին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ սխալ որոշումը չեղարկելու ուղղությամբ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նման վտանգավոր զենքերի տրամադրումը այնպիսի «իզգոյ» երկրների ինչպիսին Ադրբեջանն է, խախտում է Կանադայի զենքի արտահանմանը վերաբերող ամենահիմնարար նորմերը և լուրջ վտանգ են ստեղծում ներքին և տարածաշրջանային կայունության համար»,- ասել է հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը:
«Մինչ օրս բազմիցս ապացուցվել է, որ Ադրբեջանի վարչակազմը այդ զենքն օգտագործում է ոչ միայն սպառնալիք ստեղծելով Հայաստանի և Արցախի խաղաղությանն ու անվտանգությանը, ոչ միայն տարածաշրջանային անկայունություն ստեղծելու, այլև այդ երկրի ներսում այլախոհությունը հետապնդելու համար»,- հավելել է Միրաքյանը:
«Փաստացի, 2016-ի ապրիլին Ադրբեջանը նոր ձեռքբերված մահացու զինատեսակներով քառօրյա պատերազմ սանձազերծեց, որն ամենամահաբերն էր 1994 թվականի հրադադարի ռեժիմի հաստատումից հետո:
Թույլ տալով զենք արտահանել Ադրբեջան, Կանադան իր ներդրումն է ունենում Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի միջև ռազմական գործողություններին: Նման որոշումները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին ամբողջությամբ աջակցելու Կանադայի պարտավորություններին:
Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, Ադրբեջանը բազմիցս դատապարտվել է հայտնի իրավապաշտպան կառույցների կողմից, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Amnesty International-ը ՝ այդ երկրում մարդու իրավունքների վիճակի հետ կապված: Ադրբեջանը քննադատվել է երկրում հիմնարար ազատությունները ճնշելու, առաջին հերթին անկախ մամուլի դեմ արձակումների համար»,-նշել է նա: