Կվերահրատարակվի Թումանյանի երկերի 10-հատորյակը

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ կիրականացվեն, դրանց հիմքում ընկած կլինեն բուն գիտական ուսումնասիրությունները: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց գրականագետ Վարդան Դևրիկյանը:

Նա տեղեկացրեց, որ միջոցառումների շրջանակներում կվերահրապարակվի մեծ գրողի երկերի 10-հատորյակը: Դա, սակայն, պարզունակ վերատպում չի լինի, այլ կներառի ուշ հայտնաբերված ձեռագրեր ու ծանոթագրեր, որոնք նախկինում հարկադրաբար տպագրվել են հատորյակներից դուրս: Նոր տպագրությունը էական տարբերություններ կունենա, ծանոթագրություններն ավելի մանրամասն և շատ կլինեն: Այս պահին վերահրատարակվել է տասը հատորներից երկուսը, երրորդը կտպագրվի, երբ հովանավորներ գտնվեն:

«Երկրորդ հատորն ավարտվում է 1914 թվականով, երրորդ հատորը կավարտվի՝ 1917-ով: Ընդհանուր առմամբ, գրողի կյանքի տարեգրությանը կվերաբերեն տասը հատորներից չորսը»,-panorama.am-ի փոխանցմամբ՝ նշեց գրականագետը:

Վարդան Դևրիկյանը նշեց նաև, որ հայ մեծ գրողի ստեղծագործությունների հանրահռչակման համար լուրջ միջոցներ և ժամանակ է անհրաժեշտ՝ դրանք պատշաճ որակով թարգմանելու և ներկայացնելու օտարերկրյա ընթերցողին: Գրականագետը միաժամանակ հույս հայտնեց, որ Հովհաննես Թումանյանը և Կոմիտասը ընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

Scroll Up