Չարենցավանում բացվել է Հայաստանում 5-րդ Ամերիկյան անկյունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/12/загруженное1.jpg)
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Չարենցավանի քաղաքային գրադարանի հետ համատեղ պաշտոնապես ազդարարել է Չարենցավանում Ամերիկյան անկյան բացման մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը:
Իր խոսքում դեսպան Հեֆերնը նշել է, որ Ամերիկյան անկյան միջոցով Չարենցավանի ու Կոտայքի մարզի բնակիչների համար հասանելի կդառնան բազմազան ռեսուրսներ, որոնք կնպաստեն հայ-ամերիկյան երկխոսությանն ու փոխըմբռնմանը: Ամերիկյան անկյունը նաև անգլերենի իմացությունը կիրառելու հնարավորություններ կընձեռի:
Ամերիկյան անկյունները ամերիկյան ոճի փոքր գրադարաններ են, որ ստեղծվում են աշխարհի տարբեր երկրներում՝ փոխադարձ ընբռնումը Միացյալ Նահանգների ու տվյալ երկրի միջև խորացնելու նպատակով: ԱՄՆ պետքարտուղարության ու այս գրադարաններն իրենց հարկի տակ ընդունող տեղական կազմակերպությունների համագործակցության արդյունքում այսօր աշխարհում գործում են շուրջ 470 այդպիսի կենտրոններ: Ամերիկյան անկյուններն ապահովում են Ամերիկային վերաբերող տեղեկություններ տարբեր ձևաչափերով ՝ հանրագիտարաններ, գեղարվեստական երկեր, ամսագրեր և տեսանյութեր:
Այս ռեսուրսները հիմնականում առնչվում են ԱՄՆ-ում ուսանելու հնարավորություններին, ամերիկյան պատմությանը, մշակույթին, հասարակությանը, ԱՄՆ-ում տնտեսական գործունեություն իրականացնելուն, ինչպես նաև անգլերենի՝ որպես օտար լեզվի ուսուցմանը:
Ամերիկյան անկյուններում նաև ապահովվում են համակարգիչներ՝ ինտերնետային կապով: Այստեղ անցկացվում են տարաբնույթ հասարակական միջոցառումներ, ինչպիսիք են՝ քննարկումներ, հանդիպումներ հրավիրված խոսնակների հետ, աշխատաժողովներ և այլն: Ամերիկյան անկյան ծառայություններն անվճար են ու հասանելի բոլորի համար:
Ներկայումս Հայաստանում Ամերիկյան անկյուններ գործում են Երևանում, Գյումրում, Վանաձորում և Կապանում: Անցյալ տարվա տվյալներով այդ կենտրոններ այցելողների թիվը գերազանցել է 40.000-ը: Չարենցավանի անկյունը Հայաստանում 5-րդ Ամերիկյան անկյունն է, ընդ որում առաջինը բացվել է 2005թ.-ին: