«Մանկական Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. տեսանյութ
«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի պատվիրակը կլինի Միշան (Միքայել Գրիգորյանը), որը նախորդ տարի մեր հայրենիքը ներկայացրել էր «Մանկական Նոր ալիք 2016»-ին եւ զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
9-ամյա Միշայի թեկնածությունը հաստատվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի ներքին ընտրությամբ: Մրցութային երգը եւ տեսահոլովակը կներկայացվի վաղ աշնանը:
Միշան այժմ սովորում է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցում: Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկան հասակում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ՝ “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո եւ կկայանա նոյեմբերի 26-ին՝ Թբիլիսիում: Հայաստանից բացի արդեն հայտնի են այն 11 երկրները, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը մրցույթին՝ Ալբանիա, Բելառուս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Սերբիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան, գրում է news.1tv.am-ը: