Արայիկ Հարությունյանը Խաչմաչում ներկա է գտնվել Ջիվան Ավետիսյանի ֆիլմերի ցուցադրությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 16-ին Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում ներկա է գտնվել կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հեղինակային ֆիլմերի եռօրյա ցուցադրության փակման արարողությանը, որի ժամանակ ներկայացվել է «Վերջին բնակիչը» ֆիլմը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Արցախի կառավարությունից:

Ա. Հարությունյանը կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը հատկապես հանրապետության շրջաններում, որտեղ մշակութային կյանքի աշխուժացման խնդիր կա: Վարչապետը բարձր է գնահատել կինոռեժիսորի նախաձեռնությունը և այն միջազգային նախագծի վերածելու ուղղությամբ կատարվող ջանքերը՝ նշելով, որ Արցախի կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը:

Ջ. Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության վարչապետին իր հեղինակային ֆիլմերի ցուցադրության փակման արարողությանը ներկա գտնվելու համար՝ շեշտադրելով, որ «Մեծ կինոն՝ փոքր գյուղում» ծրագրի նպատակն է Արցախը միջազգային կինոշուկայում ավելի ճանաչելի դարձնել:

Scroll Up